Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ գազի ներկրման համաձայնագիր ստորագրել՝ նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիրներից: Լրատվամիջոցների տվյալով՝ համաձայնագրի նախագծում նշվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև «ռազմավարական գործընկերությունը» նախատեսում է «կասպյան բնական գազի մատակարարումներ դեպի Եվրամիության երկրներ և Արևմտյան Բալկաններ:
Խոսքը մինչև 2027թ. տարեկան 20 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների մասին է, նաև կընդլայնվի «Հարավային գազային միջանցքի» ցանցը։ Փաստաթղթում նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հարցի կարգավորմանը:
ՆԱՏՕ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՏՕ-ն այժմ փորձում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը, դաշինքին Կիևի անդամակցության հարցը դեռևս չի դիտարկվում՝ Եվրախորհրդարանում հայտարարել է Ենս Ստոլտենբերգը։ «Ուկրաինան պետք է հաջողության հասնի որպես անկախ ինքնիշխան երկիր: Մտադիր ենք արդիականացնել նրա ռազմական ինստիտուտները, որպեսզի ժամանակի ընթացքում Կիևի համար ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն ստեղծվի», - ընդգծել է կառույցի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգն անդրադարձել է նաև հակառուսական պատժամիջոցներին, ԵՄ երկրներին հորդորել չբողոքել: «Այո՛, պետք է վճարել պատժամիջոցների հետևանքների, Ուկրաինային ռազմական, մարդասիրական օգնության համար: Պետք է պատրաստ լինենք, որ այս ամենը երկար կտևի»,- ասել է պաշտոնյան։ Նա մտահոգություն է հայտնել՝ եթե Ռուսաստանը հաղթի, Արևմուտքն ավելի խոցելի կդառնա:
ՏՈԿԱԵՎԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է երկրում բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական շուկայից հեռացող օտարերկրյա ընկերություններին ներգրավելու համար։ «Գրեթե 1400 օտարերկրյա խոշոր ընկերություններից յուրաքանչյուր երկրորդը դադարեցրել է գործունեությունը կամ ամբողջությամբ լքել է ռուսական շուկան: Նրանց ռելոկացիան Ղազախստանում նոր հնարավորություններ կստեղծի մեր երկրի համար»,- նշել է նախագահը։
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ ԻԻՀ ԴԵՄ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենքի հասանելիություն ստանա, և պատրաստ է ուժ կիրառել Թեհրանին կանգնեցնելու համար, բայց միայն որպես ծայրահեղ միջոց՝ հայտարարել է Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը նաև մեծ սխալ է որակել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ դուրս գալու Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: Նախագահը հանդես է եկել Իրանի հետ նոր համաձայնագրի կնքման օգտին:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՐԴԵՀԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է 500-600 ՀԱ ՏԱՐԱԾՔ
Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Դաթչա շրջանում հրդեհը ոչնչացրել է 500-600 հա անտառային տարածք՝ հայտնում են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունից։ Ուժեղ քամու պատճառով կրակը չի հաջողվում տեղայնացնել: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Աղետի պատճառները պարզվում են: Վերջին տվյալով՝ հրդեհից տուժել է շուրջ 20 մարդ:
ԱՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԴԻՄԱԿՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐՈՒՄԸ
Կորոնավիրուսի տարածման նոր ալիքի ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել վերականգնել դիմակների պարտադիր կրման ռեժիմը, վերսկսել թեստավորումները։ «Աշխարհում քովիդով վարակման դեպքերն ավելացել են, դա լրացուցիչ բեռ է ստեղծում առանց այդ էլ ծանրաբեռնված հիվանդանոցների համար»,- մտահոգություն է հայտնել Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա խոսքով՝ համավարակը մոտ ապագայում չի նահանջի: