Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում անտառային հրդեհ է բռնկվել: Քամու պատճառով հրդեհն արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում:
Նախօրեին սկսված հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է ամառանոցային հատվածին:
Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից:
Մարման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընդհատվել էին գիշերվա ժամերին, իսկ հուլիսի 14-ի վաղ առավոտից մեծ թափով շարունակվում են: Ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:
Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է մինչ այս պահը 19 մարդու հրդեհից տուժելու մասին, որոնցից 9-ը հիվանդանոցներում ստանում է ամբուլատոր բուժօգնություն, մյուսները դուրս են գրվել: