ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործընթացներում ԱՄՆ կողմից ցուցաբերված օժանդակությունը, որի շնորհիվ՝ հատկապես ինժեներական ուղղություններով, բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում։
Լին Թրեյսին բարձր է գնահատել այն հանգամանքը, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը Հայաստանն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ առաջ մղելով գիտելիքահեն տնտեսության զարգացման մոդելը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության, տեխնոլոգական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, թվայնացման, մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, Ինժեներական քաղաք ծրագրին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: