Ոռոգման ջուր չլինելու պատճառով Արշալույսի դաշտերն ու այգիները չորացել են: Կիզիչ արևի տակ, հողին կպած սածիլներն առանց ջրի ընդամենը 4 օր են դիմացել: Նույնիսկ առատ ոռոգման դեպքում վերականգնելն անհնար է:
Գրիգոր Վարդումյան (Արշալույսի բնակիչ) - 1 հա վրա՝ բոլոր ծախսերը ներառած՝ 500 հազարից ավելի ծախս եմ արել:
Արշալույսում, անջուր վիճակից շատերն են տուժել: Բողոքում են՝ Ակնա լիճը քթների տակ է, բայց լիարժեք օգտվել չեն կարողանում: Հողերի մի մասը ճիշտ է՝ ինքնահոս եղանակով են ոռոգում, բայց քիչ չեն նաև տարածքները, որտեղ ջուրը պոմպերի միջոցով Ակնայից է հասնում: Համայնքում 27 պոմպ կա, բայց 8-ն է աշխատում: Իսկ լճի վրայի ամենամեծ պոմպը, որի միջոցով ջուրը հասնում է գյուղացուն, բարձր դիրքի պատճառով ամբողջ հզորությամբ չի աշխատում:
Արթուր Միրզախանյան («Խոյ» ՋՕԸ տեղամասի պետ) - Նասոսի դիրքն այն ժամանակ նորմալ է եղել, հիմա ջուրը պակասել է, նասոսը պետք է 24 ժամ աշխատի, աշխատում է 8 ժամ, օր կա՝ 6 ժամ է աշխատում:
Ռոման Ներսիսյան (Արշալույսի բնակիչ) - Առաջարկում ենք նասոսը 3 մետր առաջ տանել, ու լիճը մաքրվի: Տրուբեն ջրից մի քիչ է բարձր, 4-5 ժամից կրճատվում է, իսկ իջեցնելով՝ 24 ժամ կարա աշխատի:
Ջրի սակավությունը, ջրամատակարարների խոսքով, ցամաքող ընդերքի պատճառով է. լիճը մոտ 3 մետր իջել է: Իրենք պոմպն աշխատեցնում են, բայց ջուրն այնքան քիչ է, որ մի քանի ժամից ջրի փոխարեն օդ է մատակարարում:
Արթուր Միրզախանյան - Ջրի ակունքը ստեղից է. եկել է 500 լ ջուր, բայց հիմա 10 լ ջուր է գալիս, որովհետև ընդերքը ցամաքել է:
Նախկինում Ակնայի ջրերով ոռոգվել են 7 գյուղի մշակադաշտերը: Բայց լճի մակարդակը վերջին 15 տարում այնքան է իջել, որ հիմա նույնիսկ մեկ գյուղ չի կարողանում լիարժեք օգտվել:
Հենրիկ Վարդումյան (Արշալույսի բնակիչ) - 50 տոկոսով փոքրացրել են լիճը: Տեր չեն կանգնել, կամ տեր են կանգնել, բայց թույլ են տվել, որ ինչ-որ մեկը տարածքը վերցնի, փող աշխատի: Լցրել են, տենց էլ մնացել է:
Մյուս կողմից էլ տիղմն ու ավազն են «խեղդել» Ակնան: Գյուղացիներն առաջարկում են մաքրել լիճն ու ակունքները, որոնցով սնուցվում է Ակնան: Ջրօգտագործող ընկերությունում լճի մաքրումն անիրական են համարում:
Արթուր Միրզախանյան - Չի կարա տեխնիկա աշխատի, մեծ տեխնիկա է պետք, որ մոտենա լճին: Երբեք չի եղել նման բան:
Ապացուցելու համար, որ ջրի շնչառությունը հնարավոր է բացել նաև ակերը մաքրելու միջոցով, արշալույսցիները դրանցից մեկը բացել են սեփական նախաձեռնությամբ:
Ռոման Ներսիսյան - Փորել ենք, ջուրը գալիս է, տիղմը որ կա՝ չի թողնում: Սա պիտի մաքրվի:
Գառնիկ Մանուկյան (Արշալույսի բնակիչ) - Եթե իրենք չեն կարողանում, մենք կարող ենք: Տարածքը վերցնում եմ, ֆունդամենտ քանդեմ և այլն:
Մինչև կողմերը փորձում են լուծման ճանապարհներ գտնել, դաշտերում հողն է ծարավից ճաքում, բույսն էլ ջրի պակասից է այրվում: