Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակի մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկություն հաղորդեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի էր ավելի մեծ տեմպ հաղորդել, որովհետև հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով, մասնավորապես, Տաթևից Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է: Ցանկալի կլիներ տեմպն ավելացնել, որովհետև այդտեղ բավականին շատ մեքենաներ են վնասվում: Բայց վերանորոգման աշխատանքներն իրականացվում են»,- ասաց Ղուկասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին այս առիթով հանձնարարականներ է տվել:
«Կարևոր է արձանագրել նաև՝ երեկ ինձ տեղեկացրին, որ Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են: Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է, որը Սիսիանի մոտակայքում Տաթևից պետք է դուրս գա մայրուղի»,- ասաց նա:
Նշենք, որ այդ ճանապարհահատվածի մասին ավելի վաղ ԱԺ-ում խոսել էր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Տաթև-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան։ Խնդիրները եկեք մի քանի մասի բաժանենք: Մեկն այդ տարածքի կառուցվածքն է։ Երկրորդը՝ երեք կտորներից մեկը ավելի վաղ է նախատեսված եղել, և սկսվել է շինարարություն, նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, նախատեսված է եղել երկու շերտ, ոչ թե երեք, և այսպես շարունակ; Մյուս երկու կտորը կառուցվել է բավական արագ, տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ, այդ ամբողջ ընթացքում՝ և՛ եղանակային պայմաններ, և՛ ծանր մեքենաների առկայություն և այլն»,- ասել էր նա։