Կառավարությունը որոշում է ընդունել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծվելիք ՊՈԱԿ-ը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ, օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։
Նախատեսվում է, որ նշված ՊՈԱԿ-ը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերն իրականացվելու են Ոստիկանության տարեկան բյուջեի հաշվին:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եթե կարճ ձևակերպենք, կայացնում ենք հետևյալ որոշումը. այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, մենք վերցնում և իրականացնում ենք պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Գիտեք՝ այս պատմությունը որտեղից է սկսվել, ժամանակի ընթացքում բազմիցս ենք դրան անդրադարձել, նախկինում ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակահատվածում ևս: Բայց, ըստ էության, այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ էինք հայտարարել և փորձել ենք հնարավորինս այդ մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլացիաների համար են օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում և այլն: Մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես ֆունդամենտալ ձևով փակել: Ինչո՞ւ ավելի շուտ և ավելի արագ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթն ինքնին բավական բարդ է, և մեր հիմնական խնդիրը հետևյալն էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել: Բավական երկար ժամանակ աշխատանքներն արվել են, համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն, և այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասն ում հետ պետք է բաժանի: Մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, մնացածն արդեն մեր ներքին քննարկումների հարցն է: Ըստ էության, արձանագրենք, որ պայմանականորեն ասած, «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշման կայացումը նաև հանցագործությունների բացահայտման առումով՝ ընդգծելով, որ հանցագործությունների հետ կապված դեպքերն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ հաճախ երբ տեսախցիկների ներքո տեղի է ունենում հանցագործություն, հանցագործությանը մասնակից անձինք, մոտակայքում գտնվող խանութի, այլ մասնավոր կազմակերպության հետ լեզու գտնելով, արագ ջնջում են տեսանյութերը, իսկ երբ քննչական մարմիններն արդեն տեղ են հասնում, որպեսզի առգրավեն, պարզվում է, որ ոչ մի բան չկա և հաճախ վերականգնել հնարավոր չէ:
«Մենք ուզում ենք օրենսդրական կարգավորումներ ներդնել, որպեսզի նաև այն մասնավոր կազմակերպություններին պաշտպանենք, որոնց տեսախցիկի տեսանելիության ներքո տեղի է ունեցել հանցագործություն, որովհետև մարդիկ ջնջում են, մենք չգիտենք՝ ինչ հարկադրանք և սպառնալիք է գործադրվել: Ուզում ենք օրենսդրական կարգավորում անել, որ այդ տեսախցիկների պարունակությունը ինչ-որ մի ժամանակ պարտադիր պահպանվի: Սա գաղափար է, որը պետք է քննարկվի, և տեսնենք, թե ինչ քննադատություններ, ռիսկեր կան, կան, թե չկան, և այդ ռիսկերն ինչպես ենք կառավարում: Եվ մեր օպերատիվ մարմինների, քննչական մարմինների ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստին, որ հանցագործության կատարման փաստն արձանագրելուց, քրեական գործ հարուցելուց հետո կարող են այդպիսի գործողություններ լինել: Սա ասում եմ, որպեսզի շահարկումներ չլինեն, թե մենք տեսախցիկների նյութերը փորձելու ենք անընդհատ վերցնել և վերահսկել: Միայն հանցագործության դեպքում, այսինքն՝ քրեական գործի առկայության պայմաններում: Այսօր էլ, ըստ էության, գործում է նույն կարգավորումը, ընդամենը մեկ բաղադրիչ ենք ավելացնում՝ ուզում ենք որոշակի երաշխիք ստեղծել, որ երբ քննիչն առգրավվելու անհրաժեշտություն տեսնի, առգրավվելու ենթակա բան լինի»,- ասել է վարչապետը և Ոստիկանապետից հետաքրքրվել, թե երբ կսկսի գործել այս ՊՈԱԿ-ը:
Ի պատասխան՝ Ոստիկանապետը տեղակացրել է, որ ՊՈԱԿ-ն իր գործառույթները կսկսի իրականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: