Հովհաննես Նահապետյան (Ախուրյան խոշորացված համայնքի Հացիկ բնակավայրի վարչական ղեկավար) - վերջին անգամ երկրաշարժից մի 4-5 տարի առաջ էսպիսի ասֆալտ էր, քայքայվեց:
34 տարի անց Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհը կրկին ասֆալտե ծածկույթ կունենա: Վերջին տարիներին այն դժվարանցանելի էր: Տեղացիների խոսքով՝ Շտապ օգնությունն անգամ գյուղ դժկամությամբ էր հասնում:
Հովհաննես Նահապետյան - Մեր ուժերով հարթեցման, լիցքի աշխատանքներ էինք կատարում, բայց էդ ամեն ինչը տևում էր մինչև հաջորդ անձրևը:
Գրունտային դարձած ճանապարհը որքան էլ հարթեցնեին՝ միևնույն է՝ մինչև Գյումրի՝ 4 կմ-ը տևում էր 30-40 րոպե: Կառավարության որոշմամբ՝ ճանապարհը հիմնանորոգվում է: Պետբյուջեից հատկացվել է շուրջ 338 մլն դրամ:
Անտոն Միլիտոնյան (տեղամասի պատասխանատու) - Այս պահին կատարվում է ասֆալտապատումը, տեղադրվում է առաջին շերտ սև խիճը, երկրորդը՝ խոշորահատիկ՝ 6 սմ և 4 սմ մանրահատիկ ասֆալտբետոն է լինելու:
Ճանապարհի բարեկարգումը տեխհսկիչի խոշորացույցի տակ է, հետևում է՝ նախագծից շեղումներ չլինեն և գործը որակով կատարվի:
Էդգար Հովսեփյան (տեխհսկիչ) - Որակին հետևում ենք, փոքր թերություններ լինում են, բայց տեղում շտկվում են շինարարի կեղմից, էս պահին նորմալ է ընթանում ամեն ինչ: Որակի համար ստուգվում է ասֆալտը, ու պարզ է դառնում խտությունը, ծակոտկենությունը և այլն:
Հիմնանորոգված Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհին հիմա կիսատ մնացած աշխատանքներն են շարունակվում, անձրևաջրերի հեռացման համար կողային շուրջ 800 մ առու է կառուցվում:
Սամսոն Հովհաննիսյան (աշխղեկ) - Այս տեղամասում կատարում ենք կողային առուների ամրացման աշխատանքներ բետոնե սալիկներով, մյուս տեղամասում կատարում ենք կողնակների ուղղում, գրունտի լիցք, պատրաստվում ենք ասֆալտապատման աշխատանքներին:
Ճանապարհաշինական վերջին տարիների ակտիվությունն ամենից լավ այս տարածաշրջանի բնակիչները կզգան՝ նշում է Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Ամասիան թե՛ Մ1 միջպետականին կապող ուղղությամբ, թե՛ դեպի Գյումրի գնացող Հ32 ուղղությամբ, կունենա երկու շատ լավ ճանապարհ, իսկ նախկինում երկու ուղղությամբ էլ գրեթե ասֆալտապատ ճանապարհ չունեինք:
Շիրակի մարզում այս տարի ընդհանուր առմամբ իրականացվելու է 51 կմ ճանապարհի հիմնանորոգում: Պետբյուջեից կհատկացվի 6.5 միլիարդ դրամ:
Գոռ Ավետիսյան - Ընդհանուր նախատեսված է 51 կմ ճանապարհն էլ ավարտել այս տարի, դրա մեջ ներառված չէ Հյուսիս-հարավի հատվածը, որն անցնում է Շիրակի մարզով, որն այս պահին շատ ակտիվ շինարարության փուլում է գտնվում:
Զգալի մասը՝ 41 կմ-ը, միջպետական ու հանրապետական նշանակության են: Շիրակում բարեկարգման սպասող ճանապարհները շատ են: 2023-ի ծրագրերն ավելի ընդգրկուն կլինեն:
Գոռ Ավետիսյան - Կարծում եմ՝ այս տարվա նախանշված 51 կմ-ն կգերազանցենք հաջորդ տարի:
Այս տարի նախատեսում են մեկնարկել ու հաջորդ տարի ավարտին հասցնել նաև Գյումրի մտնող շուրջ 5.7 կմ ճանապարհի բարեկարգումը:
Շինարարության մրցույթը կհայտարարվի առաջիկա ամիսներին: