ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ
Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են հացահատիկի արտահանման հարցում համաձայնության գալուն՝ հայտնել է Դմիտրո Կուլեբան։
«Ուկրաինան պատրաստ է արտահանելու իր հացահատիկը միջազգային շուկա, հիմա ամեն ինչ կախված է Մոսկվայից»,- ընդգծել է արտաքին գործերի նախարարը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ այսօր Ստամբուլում նախատեսված է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, կողմերը կքննարկեն ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ G20-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Կիևի և Անկարայի հետ։
ՈՒԿՐԱԻՆԱՆ՝ ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԾՐԱԳՐԻ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ
Ուկրաինան դարձել է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիական փոխգործունակության հատուկ բազմակողմ ծրագրի ասոցացված անդամ` հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինան այժմ ոչ միայն անցնում է դաշինքի չափանիշներին, այլև կարող է մասնակցել նոր չափանիշների մշակմանը»,- պարզաբանել է նախագահը:
Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմը շարունակում է հարվածներ հասցնել Նիկոլաևի և Խարկովի ուղղությամբ, կան զոհեր:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԾՈԻԽ ՉԻ ԳՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ
Գերմանիան ռուսական ածուխ չի գնի օգոստոսի 1-ից, դեկտեմբերի 31-ից էլ կդադարեցվի նավթի ներմուծումը՝ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսը։
«Դա հեշտ գործընթաց չէ, բայց մենք մի քանի ամսից կազատվենք էներգետիկ կախվածությունից»,- վստահեցրել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Բեռլինը գազի այլընտրանքային մատակարարներ է փնտրում, քանի որ Եվրամիությունը մոտ ապագայում ցանկանում է հրաժարվել Ռուսաստանից ներմուծվող տարեկան 158 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիքից:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, նշել՝ դրա վերականգնումը բխում է Թեհրանի շահերից։
«Ծրագիրը կնպաստի Իրանի տնտեսության զարգացմանը, քանի որ դրա վերականգնման արդյունքում պատժամիջոցները կթուլացվեն։ Նրանք կրկին կկարողանան լավ գնով նավթ վաճառել, աշխարհին նավթ է պետք»,- ընդգծել է Շերմանը:
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան, իր հերթին, հայտարարել է, որ Փարիզն աջակցում է միջուկային ծրագրի վերականգնմանը, սակայն կարծում է, որ մի քանի շաբաթից նման հնարավորություն այլևս չի լինի։
«Եթե Իրանը շարունակի հարստացված ուրան կուտակել, ապա կարող է միջուկային զենք ստեղծել, միջուկային ծրագրի վերականգնումն այդ դեպքում անիմաստ կլինի»,- նշել է Կոլոնան, համոզմունք հայտնել՝ եթե Թեհրանը ատոմային ռումբ ունենա, աշխարհը կարող է կանգնել միջուկային հակամարտության վտանգի առաջ։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն էլ կոչ է արել արագացնել հակաիրանական պատժամիջոցների վերացման և գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները։
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ՝ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն երկրում տնտեսական ճգնաժամի և զանգվածային ցույցերի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել, Արևմտյան նահանգում, մասնավորապես՝ մայրաքաղաք Կոլոմբոյում, պարետային ժամ է սահմանվել:
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մեկնել է Մալդիվներ, չնայած ակնկալվում էր, որ այսօր նա պետք հրաժարականի դիմում ներկայացնի։
Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ երկրից նախագահի և նրա ընտանիքի հեռանալու մասին լուրերից հետո ցուցարարները փորձել են ներխուժել վարչապետի գրասենյակի շենք՝ պահանջելով նրա անհապաղ հրաժարականը։ Ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։