Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան լքել է երկիրը՝ պաշտոնապես հրաժարական ներկայացնելուց քիչ առաջ, հայտնում է aljazeera-ն:
Ռաջապակսան և իր կինը Ան-32 ռազմատրանսպորտային ինքնաթիռով թռել են Մալե (Մալդիվներ):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաջապակսան պաշտոնապես հրաժարական կտա այս շաբաթ, իսկ խորհրդարանականները նոր նախագահ կընտրեն հուլիսի 20-ին։
Նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է վարչապետը, որն անմիջապես երկրում արտակարդ դրություն է հայտարարել:
Միևնույն ժամանակ, հնդկական լրատվամիջոցները նշում են, որ Ռաջապակսան շարունակում է մնալ Շրի Լանկայի նախագահը, մինչդեռ խորհրդարանի նախագահ Մահինդա Աբեյվարդենան հայտարարել է, որ ստացել է նախագահի ստորագրությամբ հրաժարականի դիմումը, որի տեքստը դեռ պաշտոնապես չի ներկայացվել։ Սպասվում է, որ դա տեղի կունենա չորեքշաբթի՝ ավելի ուշ:
Բողոքի ցույցերը երկրում սկսվել են ապրիլին՝ ֆինանսատնտեսական ճգնաժամ սկսվելուց հետո, ինչը փաստացի կաթվածահար արեց Շրի Լանկայի տնտեսությունը։ Կղզի-պետությունը արտարժույթի, վառելիքի, նավթամթերքի, պարարտանյութերի, սննդամթերքի և դեղամիջոցների խիստ պակաս է զգում։
Խռովությունների ժամանակ, որոնք ուղեկցվել են անկարգություններով ու հրկիզումներով, զոհվել է 10 մարդ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել, 60 մեքենա և 100-ից ավելի շենք է ավերվել։