Շոտլանդիան ուկրաինացի փախստականներին կտեղավորի էստոնական Tallink նավահանգստային ընկերության Victoria I նավի վրա՝ Լիտ նավահանգստում։ Այդ մասին հայտնում է Edinburgh Evening News-ը։
Պարբերականի տվյալով՝ նավը կարող է տեղավորել ավելի քան 2 հազար ուղևորի։ Սակայն այժմ ընկերությունը պատրաստ է ընդունելու ընդամենը 739 փախստականի։ The Telegraph-ը գրում է, որ խցիկները, որտեղ կտեղավորվեն ուկրաինացի փախստականները, ավելի փոքր են, քան Շոտլանդիայի բանտախցերը։
«Սենյակները նախատեսված են մինչև չորս հոգու համար, այսինքն՝ լրիվ զբաղվածության դեպքում մեկ անձի համար կլինի 1,9 քմ տարածք»,- գրել է պարբերականը՝ նշելով, որ շոտլանդական օրենքով՝ բանտերում յուրաքանչյուր բանտարկյալ պետք է ունենա առնվազն 4,4 քմ տարածք:
Ավելի վաղ Շոտլանդիայի կառավարությունը երեք ամսով կասեցրել էր ուկրաինացի փախստականների դիմումների ընդունումը՝ դա բացատրելով նրանց համար բնակարանների բացակայությամբ։