Ջերմաչափի սնդիկը հատել է 40-ի շեմը. հրդեհավտանգ իրավիճակ է: ԱԻՆ փրկարար ծառայությունն էլ անցել է ուժեղացված ծառայության: Գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են՝ հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են ու հագեցած:
Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Մենք աշխատում ենք ոչ միայն փրկարար ծառայության ուժերով, այլ նաև ՏԻՄ-երի, մարզպետարանների և շրջակա միջավայրի նախարարության հետ, ինչպես նաև ունենք անտառային բնակավայրերում կամավորական խմբեր:
Կամավորական խմբերը վերջին մեկ-երկու տարում ապացուցել են՝ իրենց օգնությունն անհրաժեշտ է և արդյունավետ: Որքան էլ ԱԻՆ-ը պատրաստ է, զգոն ու տեխնիկապես հագեցած բուսածածկ տարածքները ոչնչացնող արհավիրքի դեմ, գերատեսչության ղեկավարը հիշեցնում է՝ անելիք ունեն նաև քաղաքացիները:
Արմեն Փամբուխչյան - Քանի որ իրենց ցանկացած անզգույշ արարք կարող է առաջացնել հրդեհային իրավիճակ: Մենք խնդրում, հորդորում, պահանջում ենք մեր քաղաքացիներից, որպեսզի շատ զգույշ լինեն ու խուսափեն ցանկացած մի արարքից, որը կարող է առաջացնել հրդեհային իրավիճակ:
Փամբուխչյանը նորից կրկնում է՝ խոտածածկ տարածքներում ծխախոտ չնետել, ապակե իրեր չթողնել, խորովածի կրակը ամբողջովին հանգցնել, հավաքել աղբը:
Արմեն Փամբուխչյան - Մենք մեր հերթին հանգստյան գոտիներում ԱԹՍ-ներով, բարձրախոսի միջոցով սկսել ենք արդեն քաղաքացիներին կոչ անելը՝ հրդեհների մեծ մասը հենց մարդածին է:
Անօդաչուներն օգտագործվում են նաև հրդեհների ժամանակ՝ ճիշտ տեղորոշում իրականացնելու և օջախին արագ մոտենալու համար: ԱԻՆ-ը նաև քարտեզագրել է բոլոր ջրային ռեսուրսները, ինչը կօգնի ճիշտ կողմնորոշվել՝ որտեղից արագ ջուր վերցնել:
Արմեն Փամբուխչյան - Արդեն մենք ունենք ուղղաթիռով հրդեհ հանգցնելու փորձ, սա, ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որովհետև տարիներ առաջ չի եղել այդ մեթոդը, և այսօր մենք արդեն կիրառում ենք նման մեթոդ:
Զուգահեռ կիրառում են հրդեհաշիջման ձեռքի սարքավորումներ: Այս տարվա առաջին կիսամյակում անտառային ու բուսածածկ տարածքների հրդեհի 5 դեպք է արձանագրվել, այրվել է 10 հա-ից քիչ ավելի տարածք: Մոտ 13 հա էլ անցած տարվա 19 անտառային հրդեհներն են մոխրացրել: Ավելի տխուր է եղել իրավիճակը 2017-2020 թվականներին, երբ 4 տարում կրակի հետևանքով այրվել է 1470 հա-ից ավելի անտառ ու բուսածածկ տարածք: Մասնագետներն այս պահին առավել հրդեհավտանգ են համարում Արարատյան դաշտավայրն ու Երևանը, մարզերի մեծ մասում դեռ կանաչ է, բայց կանխատեսելի է, որ շոգը արագ կչորացնի խոտը՝ սպառնալիք առաջացնելով գրեթե բոլոր բուսածածկ տարածքների համար: