ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 11 հասցեում գտնվող Գազաբալոնների ճնշաչափման կայանի բացմանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Շրջայց եմ կատարել կայանում, ծանոթացել սարքավորումներին և ճնշափորձարկման պրոցեսին։
Տեղում ընկերության տնօրենին եմ հանձնել համապատասխան լիցենզիան, որի հիման վրա այսուհետ ընկերությունը կարող է իրականացնել գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական վկայագրում, ճնշափորձարկում, ինչպես նաև բալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկողություն։
Այս պահին Երևանում և մարզերում գործում է 23 նման կայան։ Ամենօրյա ռեժիմով կայանների թիվն ավելանում է։
Հորդորում եմ վարորդներին մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Դա արվում է բացառապես ձեր և ձեր ուղևորների անվտանգության համար»,- նշված է գրառման մեջ։