Հայաստանում քովիդ-19 համաճարակային իրավիճակը հարաբերական կայուն է: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են՝ արդեն 6-րդ ալիքի մեջ ենք, համաճարակային գործընթացը դանդաղ տեմպով զարգանում է:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Օրական արդեն 70-80 դեպք ենք ունենում վերջին օրերի դրությամբ, և հիմնական ծանրաբեռնվածությունը Երևան քաղաքի վրա է՝ 50-60 դեպք օրական:
Անցած շաբաթ արձանագրվել էր 354 դեպք՝ նախորդի 170 դեպքի համեմատ:
Գայանե Սահակյան - Այսինքն՝ կրկնակի աճ ունենք, և վիրուսի վերարտադրման ցուցանիշն էլ է այդ մասին վկայում: Այսօր 1.33 է այդ ցուցանիշը, սա նշանակում է՝ ամեն շաբաթ մենք պետք է սպասենք դեպքերի կրկնակի աճի:
Ակտիվ հանգստի սեզոնում դեպքերի աճ նկատվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ մեր հարևան: Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանում այժմ ինտենսիվ խնամքի բաժանմունքներում հիվանդներ չկան, վարակից մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել: Նոր սահմանափակումներ մտցնելու հարց այս պահին չի քննարկվում, բայց չի բացառվում, որ կքննարկվի, եթե համաճարակային իրավիճակը բարդանա:
Գայանե Սահակյան - Մենք դեռ ժամանակ ունենք խթանելու մեր իմուն համակարգը, հատկապես ռիսկային խմբում գտնվող անձինք, հիմնականում տարեցները՝ 65 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Եթե մարդը պատվաստվել է, վերջին դեղաչափը ստացել է նախորդ 6-7 ամիս, նույնիսկ այս պարագայում գուցե ծանր ձևը կանխարգելի, բայց չի պահի ընդհանուր վարակման վտանգից:
Անհրաժեշտ է մտածել նաև խթանիչ՝ բուստեր դեղաչափը ստանալու մասին՝ ընդգծում է Սահակյանը: Հանրապետության չափահաս բնակչության մոտ 51 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ, 45 տոկոսը՝ երկու դեղաչափ, իսկ խթանիչ պատվաստանյութ՝ ընդամենը 2.6 տոկոսը: Հատկապես առավել ցածր է պատվաստման ցուցանիշը ռիսկային խմբում՝ 65 տարեկան և բարձր անձանց դեպքում: Առավել շատ մեր երկրում օմիկրոնի BA.4 և BA.5 տարատեսակներն են տարածված:
Գայանե Սահակյան - Բնորոշվում են իրենց առավել ցայտուն ավելի արագ տարածվածությամբ, և, բնականաբար, մենք հիվանդացման դեպքեր կունենանք, որովհետև հենց խթանիչ դեղաչափի ցածր տոկոսը՝ 2.6 տոկոսը, այդ մասին է խոսում, որ մենք ունենք բավականին ժամանակահատված, որ մարդկանց իմուն համակարգը այդ հակամարմինները, որ պետք է պաշտպանեին օմիկրոնից, նրանք նվազել են, և պաշտպանիչ հատկությունները վերացել են:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ Հայաստանի բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով: Երկրում այս պահին առկա է երկու տեսակի պատվաստանյութ` Փֆայզեր և Սինոֆարմ: