Տեղական հինգ ակտիվ խմբեր, որոնք կնպաստեն Տավուշի և Լոռու մարզերում համայնքների զարգացմանը նոր մոտեցմամբ և գաղափարներով: Այդ խմբերի ձևավորման մասին պաշտոնապես ազդարարվեց Դիլիջանում կայացած «Գործընկերություն հանուն Հայաստանում գյուղական բարգավաճման» միջազգային համաժողովին:
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ) - Տեղական ակտիվ խմբերի կազմում ընդգրկված են լինելու և՛ ՏԻՄ-երի, և՛ բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև տվյալ համայնքի ակտիվ քաղաքացիներ: Բոլորի աշխատանքի նպատակը լինելու է խթանել իրենց համայնքի զարգացումը:
«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարությունների հետ գործակցությամբ: Նորարարական այս նախագիծը եվրոպական շատ երկրներում է իրականացվում:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Գաղափարը կայանում է նրանում, որ համայնքային, տեղական մակարդակում կարելի լինի վեր հանել ակտիվ խմբեր, հասարակական, բիզնես, հանրային, և այդ ակտիվ խմբերի միջոցով կարողանալ գեներացնել զարգացման ուղղություններ, ծրագրեր, նաև ժամանակակից նոր մոտեցումների, տեխնոլոգիաների հնարավորությունների պարագայում պիտի նորարարական լուծումներ, գաղափարներ նույնպես ծնվեն:
Երկու մարզերի ձևավորած 5 ակտիվ խմբերը ներկայացել էին առանձին տաղավարներով, իրենց արտադրանքով, ձեռքի շնորհքով և պատրաստ թիմային աշխատանքի: Խաշթառակ գյուղից Իրինան 5 տարի է՝ զբաղվում է իրենց այգիների մրգից չրերի արտադրությամբ, միջհամայնքային ակտիվ շփումների կողմնակից է:
Իրինա Մատինյան (Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի բնակիչ) - Համայնքներում արտադրողներ կան, համագործակցում ենք, փորձի փոխանակում անում:
Համայնքներում նպաստավոր միջավայրի ձևավորման համար կարևորվում է նաև առաջնորդների դերը: Տեղական ակտիվ խմբերը արդեն մշակել են ռազմավարական գործողությունների ծրագրեր՝ թիրախավորելով տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական խնդիրները: