2022 թ. մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն):
Ոստիկանությունը քաղաքացների ուշադրությունը հրավիրում է հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա:
Օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:
Մարտի 15-ից մինչ օրս ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1067 արձանագրություն։