Երևանում օդի աղտոտվածության մակարդակն անցնում է նորմայի սահմանը: Պատճառը օրեցօր աճող շինհրապարակներն են: Որ մայրաքաղաքում օդը մաքուր լինի, ու բնապահպանական խնդիրներ չառաջանան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մասնագիտական քննարկում է կազմակերպել, հրավիրել կառուցապատողների, բնապահպանների ու ոլորտի պատասխանատուներին:
Արտակ Դավթյան (կառուցապատող ընկերության ներկայացուցիչ) - Նաև էդ հողն ենք թրջում, թրջելուց հետո նոր պալատկեն քաշում ենք: Հնարավորինս աշխատում ենք աղտոտվածության մակարդակը նվազեցնենք:
Քննարկմանը մասնակից Երևանում խոշոր շինարարություն իրականացնող տասը տնտեսվարողի մասնագետները ևս մեկ անգամ հիշեցրին գործող կարգը, հորդորեցին սահմանված նորմերը պահպանել, հակառակ դեպքում վարչական պատասխանատվությանը կփոխարինի լիցենզիայից զրկումը:
Հովհաննես Մարտիրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Մի քանի ստուգումների արդյունքում մեզ համար ակնհայտ է դարձել, որ տնտեսվարողների մոտ հիմնականում նույնանման խնդիրներ են ֆիքսվում և կրկնվում: Մեքենաների լվացման աշխատանքներ պետք է պարբերաբար իրականացնեն տնտեսվարողները, իրենց շինհրապարակներում էդ գրունտային ճանապարհները համապատասխան կահավորելը ինչ-որ նյութով, որը ավելի շատ կկանխարգելի, փոշի չի առաջացնի մեքենաների տեղափոխվելուց:
Տեսչականից հիշեցնում են՝ իրենց խնդիրը տնտեսվարողին անհարմարություն պատճառելն ու տուգանելը չէ, օդի աղտոտվածությունը վերացնելն է: Տնտեսվարողները ոլորտի պատասխանատուներին առաջարկներ ներկայացրին, հորդորեցին նաև համագործակցել քաղաքային իշխանության հետ:
Վրեժ Գալոյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ) - Ընդունելի է, որ քաղաքապետարանն ավելի ուշադրություն դարձնի էն ճանապարհներին՝ համագործակցելու ինչ-որ տեղ, և էն տարածքները, որտեղ փոշու կուտակումներ են լինում, ավելի շատ լվանալու և այլ գործառույթներ իրենց իրավասության շրջանակում:
Մեկ այլ խնդիր է մայրաքաղաքի փողոցներով անցնող բեռնատար մեքենաների երթևեկությունը, որոնք շատ հաճախ շինաղբը, ցեմենտը, ավազն ու քարը տեղափոխում են առանց պաշտպանիչ միջոցների: Դրանք թափվում, հաճախ նաև մարդատար մեքենաների վնասման պատճառ են դառնում: Տեսչականի ղեկավարը վերջին ուսումնասիրություններն է ներկայացնում:
Հովհաննես Մարտիրոսյան - Բեռնատար մեքենաների ծածկոցները չապահովելու համար 50.000 դրամ վարչական պատասխանատվություն է նախատեսվում: Նախորդ տարի հայտնաբերվել է միջոցառման արդյունքում 36 նմանատիպ իրավախախտում: Այս տարի մենք որոշակի առումով ավելի բարվոք վիճակ ունենք, 16 իրավախախտում է հայտնաբերվել, երբ մեքենաները կահավորված եղել են, բայց ծածկված չեն եղել:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հիշեցնում են՝ իրենց տեսուչները խստացված ստուգումների են անցել: Ոչ միայն Երևանում, այլև մարզերում շինհրապարակներ անակնկալ կայցելեն, տեխնիկական ու պաշտպանիչ միջոցները կստուգեն, խախտումներ հայտնաբերելիս պարտադիր արձանագրություն կկազմեն: