Եվրոպական կինոյի մեծանուն վարպետ, Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Կոստա Գավրասը տիկնոջ հետ Հայաստանի կինոմիության Ազգային սինեմաթեքի առաջին պատվո հյուրերից է. կարճատև պտույտ կինոթանգարանում և միության Բուխարիի սրահում, որտեղ Հարություն Խաչատրյանը ներկայացնում է ոչ միայն Սինեմաթեքի հայեցակարգը, այլև սրահի պատմությունը, ու ստեղծագործական մտքի հսկաների՝ Խաչատրյանի, Սարոյանի և մյուսների ստորագրությունների կողքին հայտնվում է Գավրասի «Մեղսին. Շնորհավորում եմ այս գեղեցիկ կինոյի տան առիթով» գրառմամբ: «Ձեր ներկայությունը ոգեշնչում է մեզ և օգնում է մեր կինոփառատոնին»,- նշում է Հարություն Խաչատրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն էլ ֆրանսիական Սինեմատեքի նախագահի հետ քննարկում է ֆրանսիացի գործընկերների հետ գործակցության նոր հեռանկարները: Այնուհետև Մալյան թատրոնում տեղի է ունենում նրա հանդիպումը կինոյի երկրպագուների հետ: Այն, ինչ առավել հաճախ հնչում է Գավրասի առնչությամբ, քաղաքական կինո գնահատականն է: Ռեժիսորը վերահաստատում է՝ բոլոր ֆիլմերն են քաղաքական:
Կոստա Գավրաս (ռեժիսոր, սցենարիստ, Ֆրանսիա) - Ցանկացած ֆիլմ կարելի է վերլուծել քաղաքական տեսանկյունից: Այսօր քաղաքականությունն ամեն ինչին է խառնվել, օրինակ՝ երբ Փարաջանովը նկարում էր «Մոռացված նախնիների ստվերները», այդ ֆիլմը քաղաքական չէր, բայց այն ժամանակ նման ֆիլմ նկարելը նույնպես քաղաքական քայլ էր:
Հայաստան գալու մտադրություն Գավրասը վաղուց ուներ, որովհետև Փարիզում շատ հայ բարեկամներ ունի և ծանոթ է մեր պատմությանը: Ֆրանսիական կինոյի հսկաների թվում աշխատել է նաև Անրի Վերնոյի հետ: Գավրասի ֆիլմերը նրան համաշխարհային ճանաչում և «Օսկար», «Ոսկե արմավենու ճյուղ» ու «Ոսկե արջ» են բերել: Կինոյի տաբուների մասին խոսելիս նշում է՝ շատերն են գնացել արգելված ճանապարհով:
Կոստա Գավրաս - Գուցե իմ ֆիլմերում անդրադարձել եմ արգելված թեմաների և դա արել եմ արգելված եղանակներով, բայց նման բան շատ ռեժիսորներ են արել: Կինոն պետք է ուսումնասիրի հասարակությունը, անդրադառնա այն թեմաներին, որոնց մասին ոչ ոք չի խոսում:
Հայաստանից Գավրասը կհեռանա Փարաջանովյան թալերով, իսկ առաջիկայում Լոկառնոյի կինոփառատոնում նրան կշնորհվի Պատվո մրցանակ՝ կինոյում մեծ ավանդի համար. մարդ, որն իր 90 տարիներից 70-ը նվիրել է կինոյին: