Գյումրիում այսօր համահայկական ամառային ութերորդ խաղերի մեկնարկի մասին ազդարարվեց։ Խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին։ Բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ տարբեր մարզաձևերի առաջնությունները՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։
Իշխան Զաքարյան (Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ) - Սպորտային առումով պետք է տեսնենք՝ ինչ հնարավորություն ունենք Գյումրիում անցկացնելու. ունենք 17 մարզաձև:
Խաղարկվելու է 107 կոմպլեկտ մեդալ։ Ամառային ութերորդ խաղերից հետո Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին կանցկացվեն Ծաղկաձորում։
Իսկ մինչև այդ նախապատրաստությունները մեկնարկում են ամառային ութերորդ խաղերի մայրաքաղաք Գյումրիում։
Գյումրին այս խաղերին և՛ մասնակից է, և՛ կազմակերպիչ։ Պետք է համախմբված ու մանրազնին աշխատել` գերազանց արդյունք գրանցելու համար երկու ուղղություններով էլ։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Այս պահից պետք է լծվենք գործի ենթակառուցվածքների մասով, որպեսզի կարողանանք այս մեծ իրադարձությունն իսկապես դարձնենք, ինչու չէ, նաև տոն քաղաքի համար։
Սա համահայկական խաղերի պատասխանատուների և մարզի, քաղաքի ղեկավարության առաջին հանդիպում- քննարկումն է։ Եւս մեկը կառավարության աշխատակազմի ղեկավարության հետ է եղել։ Կստեղծվի Կառավարության կազմկոմիտե, և ավելի ընդլայնված կազմով նոր հանդիպումներ կլինեն։
Կարեն Գիլոյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Հայաստան-Սփյուռք կապերի լավագույն միջոցառումն է, կապեր, պայքար, բարեկամական ամուսնական կապերի հաստատում, տեսել-սիրահարվել են, այս խաղերը պետք է շարունակվեն անպայման։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Իրոք պարտավորեցնող է, կարծում եմ` շուտ պետք է անցկացնեին Գյումրիում։ Կարծում եմ` պատվով կկարողանանք կազմակերպել, և, ինչու չէ, նոր բարեկամական կապեր կհաստատվեն, այո, ինչու չէ, հարսներ բերենք Գյումրի։
Համահայկական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1999 թվականին: Մասնակցել է 1141 մարզիկ` Հայաստանի քաղաքներից ու արտերկրի հայ գաղթօջախներից։ Յոթերորդ խաղերը Ստեփանակերտում էին՝ 5244 մասնակցով։ Գյումրին էլ պատրաստ է պատվով ընդունելու 8-րդ ամառային խաղերը: