Մեքենայի գազաբալոնը հատուկ սարքի մեջ է իջեցվում՝ ստուգաչափելու նպատակով։ Փորձարկումն անցած կհամարվի, եթե այն առանց մեծ դեֆորմացիայի դիմանա լցակայանների 200 ատմոսֆերից բարձր՝ 30 մեգապասկալ ճնշմանը։
Ռուբեն Գևորգյան (գազաբալոնների ճնշափորձարկման կայանի աշխատակից) - Բալոնը հնարավոր ա, որ 30 մեգապասկալը պահի, բայց չափից շատ ուռի, ինքը կարա չտրաքի հիմա, բայց հետագայում պայթի, համակարգիչը եթե նորմից շատ ա ուռում, ինքը անջատում ա:
Չանջատեց, հաջորդ քայլով տաք ջրով-գոլորշիով լվացին բալոնի մեջ վառելիքի լիցքավորման ժամանակ կուտակվող յուղերը։ Դատարկեցին, ներսը չորացրին, ամեն ինչ կարգին է, տարան հետ՝ ավտոյի վրա տեղադրելու։ Միջինը 15 րոպե է տևում գործընթացը՝ վստահեցրին գազաբալոնների ստուգման կայան այցելած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։
Մենք նախատեսում ենք մեկ աշխատանքային օրում մինչև 60 մեքենա վկայագրել:
Ճնշափորձարկման այս կետը Հայաստանում բացվող 23-րդ կայանն է, լիցենզիան նախարար Սանոսյանից ստացան։ Հայաստանին պետք է նման մոտ 50 կառույց, քանի որ մեքենաների մեծ մասը երկրում արդեն քանի տարի սեղմված կամ հեղուկ գազով է աշխատում։
Ստուգաչափման համար որոշ կայաններ հերթագրում են արդեն սեպտեմբերի վրա, այնինչ օգոստոսի 1-ը վերջնաժամկետն է, երբ մեքենայի գազաբալոնը պետք է անցած լինի վկայագրումը, այլապես ԱԳԼՃԿ-ներում չեն լիցքավորի։ Լիցքավորվող կայանին տուգանք է հասնում՝ զգուշացնում են գործընթացի պատասխանատու կառույցից։
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Ստուգաչափված չլինելու դեպքում վարորդը չի տուգանվում, տուգանվում է միայն լիցքավորման կայանը լիցքավորելու դեպքում, մեկ խախտման դեպքում 200 հազար դրամ է:
Վարորդները բողոքում են ոչ միայն հերթերից, այլև որ մի շարք կայաններ, հաշվի առնելով պահանջարկը՝ 8-12 հազար դրամ հայտարարված ծառայությունը թանկացրել են մինչևիսկ 24 հազար դրամի։ Տեղ կա՝ գրեթե բոլորին անխտիր ասում են՝ պետք է փական փոխել, հավանաբար ներկրողների հետ գործ են բռնել։ Պատահում է՝ դետալը հանում են՝ ճաքած է, և միայն բախտի բերմամբ մինչև հիմա չի պայթել՝ բացատրում են մասնագետները: Քի՞չ դեպքեր, մահեր եղան՝ սա մարդկանց անվտանգության համար է արվում։ Վարորդները թող ընտրեն որակյալ և մատչելի ճնշաչափումը։
Խաչիկ Սողոմոնյան - Մեծ մասն աշխատում է արտահերթ, եթե չհասցնեն մինչև օգոստոսի 1-ը, դա խոչընդոտ չէ, այդ վարորդները կարող են իրականացնել օգոստոսի 1-ից հետո էլ:
Գնել Սանոսյան - Ի՞նչ անի վարորդը, ում հերթը սեպտեմբերին է՝ պետք է աներ այն, որ հերթը սեպտեմբերին չհասներ:
Նախարարը հերթերի կուտակման համար ավելի շատ վարորդներին է մեղադրում․ սովորույթի պես գործը նորից վերջին օրվան են թողել ու հիմա հազիվ տեմպի մեջ ընկել, իզուր են մեքենայատերերը սպասում, թե կհետաձգեն վերջնաժամկետը՝ ասում է։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ամսաթվերը չեն փոխվելու՝ օգոստոսի 1-ն է ժամկետը, մի անգամ փոխել ենք, փետրվարից բերել ենք, այո՛, 23 կայանը քիչ է, բայց բավական շատ է արդեն:
Առաջիկայում ևս 3 կայանի լիցենզիա կտան, կստացվի՝ ճնշաչափող կետ չի ունենա միայն Արմավիրի մարզը։ Կոնկրետ այս ընկերության 3 այլ հոսքագիծ Չինաստանից Հայաստան ճանապարհին է։
էդգար Ղամբարյան (գազաբալոնների ճնշափորձարկման կայանի ղեկավար) - Մինչև տարվա վերջ նախատեսում ենք ևս 10 կայան ունենալ մեր բրենդի ներքո:
Պատասխանատուները հիշեցնում են՝ պետք է ճնշաչափվեն և՛ սեղմված՝ այսպես ասած օդ, և՛ հեղուկ գազով բալոնները։ Կայանի տված թուղթը սկզբի համար վարորդը թող մեքենայում պահի, որ լցակայանում ցույց տա, մինչև բոլորը կմիանան էլեկտրոնային շտեմարանին ու կկարողանան արդեն ավտոյի պետհամարանիշը ցանց մուտքագրելով տեսնել՝ արդյոք իրավունք ունե՞ն լիցքավորել տվյալ տրանսպորտային միջոցը։ Օգոստոսի 1-ին մոտ Կառավարությունը վերջնական կվերլուծի իրավիճակն ու կքննարկի՝ ստուգող տեսչությանը երբվանի՞ց տուգանելու ուղարկել։