ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ստամբուլում կայացել է ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։
Բանակցություններն անցկացվել են փակ ձևաչափով:
Լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում Թուրքիան առաջարկել է հանդես գալ որպես Սև ծովում ականազերծման և հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ձևավորման երաշխավոր:
ՌԴ ՊՆ-ն էլ տեղեկացնում է, որ ռուսական պատվիրակությունը քննարկման է ներկայացրել սևծովյան նավահանգիստներից գյուղատնտեսական մթերքների արտահանման տարբերակների փաթեթ։
ՋՈ ԲԱՅԴԵՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ
Վաշինգտոնը կփորձի անել ամեն ինչ՝ լուծելու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «երկու պետության» սկզբունքի հիման վրա, սակայն մոտ ապագայում նման հնարավորություն չենք տեսնում, հայտարարել է Ջո Բայդենը Իսրայելում՝ Մերձավոր Արևելք այցի շրջանակում։
Նախագահը շեշտել է, որ երկարատև խաղաղությունը, կայունությունը և ավելի սերտ կապերը կարևոր նշանակություն ունեն Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների համար: Նա հավելել է, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ կփորձի հաղթահարել ճգնաժամը էներգետիկայի ոլորտում։
Բայդենի մերձավորարևելյան առաջին շրջագայությունը մեկնարկել է այսօր և կտևի մինչև հուլիսի 16-ը. Սպիտակ տան ղեկավարը, Իսրայելից բացի, կայցելի նաև Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:
ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԳՆԱՀԱՏԻ 2023-ԻՆ
Եվրահանձնաժողովը Վրաստանում իրականացված բարեփոխումներն այս տարվա դեկտեմբերի փոխարեն կգնահատի 2023 թվականին, ինչից հետո որոշում կկայացնի Թբիլիսիին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ռուփը։
«Որոշեցինք չշտապեցնել Վրաստանի քաղաքական վերնախավին՝ թույլ չտալու, որ երկիրը բախվի ապաբևեռացման. հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քրտնաջան աշխատել բարեփոխումների ուղղությամբ»,- ընդգծել է նա։
ԿԺԴՀ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ԴՈՆԵՑԿԻ ԵՎ ԼՈՒԳԱՆՍԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, հայտնել են Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատնից: Նշվում է, որ կողմերը կաշխատեն տնտեսական և դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչել էր նաև Սիրիան։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՈՄԱԼ ՇՈԳ Է
Արևմտյան Եվրոպայում անոմալ շոգ է. մի շարք երկրներ տառապում են հրդեհներից և երաշտից, Ֆրանսիայում հրդեհների վտանգի պատճառով չեղարկվել է Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը, առաջիկա օրերին Եվրոպայի ողջ տարածքում կարող է ջերմաստիճանի նոր ռեկորդ սահմանվել։
Իսպանիայում, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կարող է հասնել 42 աստիճանի ըստ Ցելսիուսի: Օդի աղտոտվածության պատճառով տեղացիները նախընտրում են ցերեկը մնալ տանը։
Պորտուգալիայում, օդերևութաբանական ազգային ծառայության տվյալով, ջերմաստիճանը Լիսաբոնում կհասնի 41-ի, մի շարք այլ շրջաններում՝ 46-ի։
Մեծ Բրիտանիայի մեծ մասում օդի ջերմաստիճանը կգերազանցի 35 աստիճանը։
Սպասվում է, որ առաջիկա օրերին ջերմային ալիքը կտարածվի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի այլ շրջաններում։