Չորեքշաբթի Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հերթական փուլը, որը տեղի է ունենում ՄԱԿ-ի միջնորդությամբ, մասնակցում է նաև թուրքական կողմը, գրում է Euronews-ը: Նախատեսվում է, որ պատվիրակությունները երկու օր կանցկացնեն Բոսֆորի ափին գտնվող կառավարության շենքում։
Օրակարգի գլխավոր հարցը նավահանգիստներում կուտակված ուկրաինական հացահատիկի արտահանումն է՝ նախօրեին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ռուսաստանը հաստատել է հանդիպման փաստը՝ ընդգծելով, որ ցանկանում է պահպանել «նավերը վերահսկելու և զննելու հնարավորությունը՝ զենքի մաքսանենգությունից խուսափելու համար»։ Ուկրաինայի պատվիրակությունն իր հերթին հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունները տեղից կշարժվեն։
Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և Ստամբուլում ՄԱԿ-ի պատվիրակության բանակցությունների վայրը գաղտնի է պահվում, լրագրողներին զգուշացրել են ցանկացած նկարահանումների արգելքի մասին, հայտնում է РИА Новости-ն:
Հուլիսի սկզբին Ուկրաինայում արգելափակվել էր 22 մլն տոննա հացահատիկ։ Մինչ այժմ երկիրը հացահատիկի մոտ 30%-ը մատակարարել է Եվրոպա, 30%-ը՝ Հյուսիսային Աֆրիկա և 40%-ը՝ Ասիա: Եթե Սև ծովի շրջափակումը շուտով չվերացվի, դա կհանգեցնի համաշխարհային շուկա սննդամթերքի մատակարարման շղթայի խափանումների և շատ երկրներում սովի պատճառ կդառնա՝ չեն դադարում կրկնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնյաները։
Բացի նախորդ տարվա հացահատիկի արտահանման անհնարինությունից, որը կարող է փչանալ 30 աստիճան շոգից, ավելանում են ցանքի մեկնարկի հետ կապված դժվարությունները։ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո հացահատիկի գյուղատնտեսական հողերի մինչև մեկ քառորդն անօգտագործելի է դարձել։