ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ու STARMUS-ի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի հիմնական նպատակն է սեպտեմբերի 10-ին Լոռու ՔՈԱՖ սմարթ կենտրոնում STARMUS-ի օր անցկացնել՝ այդկերպ STARMUS գիտության ու արվեստի 6-րդ միջազգային փառատոնը հասանելի դարձնելով նաև Երևանից դուրս՝ Լոռու մարզում։
STARMUS միջազգային փառատոնը հիմնադրվել է 2011 թվականին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից։ Տարիներ շարունակ փառատոնը հանդիսացել է աշխարհահռչակ գիտնականներին ու արվեստի գործիչներին միավորող հարթակ՝ նպատակ ունենալով ներշնչել երիտասարդներին՝ բացահայտելու գիտության աշխարհը։ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով 6-րդ ամենամյա փառատոնն անցկացվելու է Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը։
«STARMUS-ը Լոռու սմարթ կենտրոն բերելով՝ մենք հաստատում ենք, որ այս փառատոնը միայն մեկ վայրում չէ. այն ամենուր է, ուստի եթե անգամ չնչին հնարավորություն կա փառատոնը հասցնելու նաև Հայաստանի գյուղեր, մենք, իհարկե, պետք է անենք։ Այս ամենի շուրջ էլ մենք միավորում ենք ջանքերը ՔՈԱՖ-ի հետ՝ STARMUS-ը հասցնելով Լոռի»,- նշել է Գարիկ Իսրայելյանը։
Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հավաստում է գյուղերի երեխաների շրջանում գիտության ու արվեստի շուրջ հետաքրքրության բարձրացմանը նպաստելու ՔՈԱՖ-ի ու STARMUS-ի մտադրությունը։ «STARMUS օր սմարթում» միջոցառմանը, որ հագեցած է լինելու երաժշտական կատարումներով, պանելային քննարկումներով, ներառելու է պլանետարիում, աստղադիտում, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ, հրավիրված են լինելու հյուրեր Հայաստանից ու արտերկրից։ Միջոցառման մասնակիցների շարքում են լինելու նաև արվեստի գործիչներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ։
«STARMUS օր սմարթում» միջոցառումն անցկացվում է STARMUS-ի հետ միասին ՔՈԱՖ-ի ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) համատեղ «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի շրջանակներում։