ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում:
Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը:
2023 թ. պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաև փոխառու միջոցներ: Պարտքի սպասարկման գործում կարևորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը:
Նշվել է նաև, որ 2023 թ. կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար:
Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում:
Տիգրան Խաչատրյանը տնտեսության զարգացման գործում կարևոր է համարել պետական պարտքի կառավարման հուսալիությունը: Նա նաև նշել է, որ առաջիկայում պարտքի կառուցվածքում կիրականացվեն հիմնարար բարեփոխումներ:
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ֆինանսական հատկացումները: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը բարձրաձայնել է հարցադրումներ, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկման տոկոսային վճարներին, Ֆինանսների նախարարության հատկացումներին և այլն: