Երևան-Սևան մայրուղին է. Երևանին կից հատվածում առկա են տարբեր տիպի կառուցապատումներ՝ բնակելի, հասարակական բնույթի, շենքեր, շինություններ, որոնք այս պահին ստեղծում են անկանոն վիճակը մուտքի կազմակերպման առումով:
Գուգլ քարտեզը, ինչպես հայելի, արտացոլում է Երևանի հյուսիսային մուտքի խճողված կառուցապատումը: Տարբեր է շինությունների ճարտարապետությունը, ճանապարհի նկատմամբ հեռավորությունը, տեղն ու դիրքը: Քաղաքաշինության նոր օրենքը կկանոնակարգի անկանոն կառուցապատումը՝ միջպետական ու հանրապետական ճանապարհներին:
Նունե Պետրոսյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Ներառված է 3 բաղադրիչ՝ անվտանգություն, հարմարավետություն, գեղագիտական:
Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահը սկզբունքային է համարում օրենքի դրույթը, որով միջպետական և հանրապետական ճանապարհներին կից հատվածները սահմանվելու են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտի: Նունե Պետրոսյանը հստակեցնում է՝ դրանք ոչ թե կառուցապատման արգելման, այլ հատուկ կարգավորման գոտիներ են: Անվտանգության պահանջը չի փոխվել. հանրապետական ճանապարհներին հարող հատվածներում 15, միջպետականին՝ 18 մ լայնությամբ՝ սահմանված են կողային տեսանելիության գոտիներ. այդտեղ կառուցապատումը արգելվում է:
Նունե Պետրոսյան - Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիները կառուցապատման կարգավորման համար են, որ դրանք ունենան հարմարավետ մոտեցումներ, յուրաքանչյուր առանձին կառուցապատում չունենա անմիջական ելք միջպետական ճանապարհին. դա անվտանգության բաղադրիչն է: Որպեսզի չտեղադրվեն կառույցներ, որոնք չունեն բավարար տարածք՝ կայանատեղեր ապահովելու, և չառաջացնեն խճողումներ բարձր արագությամբ երթևեկության համար:
Հասարակական, արտադրական, սննդի կառույցները չպետք է խոչընդոտեն արագընթաց ճանապարհների երթևեկին: Խնդիրը կա ոչ միայն մայրաքաղաքի 5 մուտքին հարող հատվածներում, այլև Գյումրիի, Վանաձորի, Գորիսի մուտքերի մոտ, որտեղ մեծ է կառուցապատման հետաքրքրությունը: Հատուկ կարգավորման գոտիներում ցանկացած գործունեություն կթույլատրվի Քաղաքաշինության կոմիտեի համաձայնությամբ: Այս դրույթը ևս նոր օրենքով հստակեցվել է:
Նունե Պետրոսյան - Կոմիտեն ձեռնամուխ է եղել տարածքների կազմակերպման համար հատուկ նախագծի մշակմանը: Վարչության աշխատակիցները տեղազննություն են արել: Դիտարկվել են 500-ից 4 կմ՝գտնվում են այդ վիճակում, ամրագրվել են, հաշվարկվել են: Կանոնակարգման համար կմշակվեն նախագծային փաստաթղթեր, կտրվեն չափորոշիչները, սահմանափակումներ:
Հուլիսի 7-ի Կառավարության նիստում քաղաքաշինական խնդիրներին անդրադարձավ վարչապետը: Նա անընդունելի համարեց ճանապարհներին, մայրուղիներին հուշաքարերի, խաչքարերի տեղադրման մշակույթը: Նշեց՝ քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է, որին պետք է լուրջ վերաբերվել: Ճանապարհային հատվածներին հատուկ կարգավորման գոտիների սահմանմամբ՝ փոփոխված օրենքը լուծում է նաև վարչապետի բարձրացրած խնդիրը: