Երևանում, սովետից հետո առաջին անգամ, տրոլեյբուսի նոր գիծ է անցկացվել։ Ավելի ճիշտ՝ երկարացվել է գործող երկրորդ երթուղին, բայց հաշվի առնելով, որ փորձ է արվում էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտին երկրորդ շնչառություն տալ՝ կարևոր քայլ է՝ ասում է մայրաքաղաքի տրանպորտային խնդիրների պատասխանատուն։
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ) - Վերջին 20-30 տարում դա առաջին դեպքն է, որ Երևանում տրոլեյբուսային գիծ է կառուցվում:
Գիծը նոր, պղնձե մետաղալարերով է, մոտ 1,1 կմ երկարությամբ։ Այն երկու հարց է լուծում․ նախ՝ Չարբախի ավելի շատ բնակչություն կկարողանա օգտվել համեմատաբար էժան ու չծանրաբեռնված տրանսպորտից, և երկրորդ՝ տրոլեյբուսն այլևս վերջնականգառում պտտվելիս երթևեկության համար խնդիր-վթարային իրավիճակ չի ստեղծի։ Երկարացված երթուղին քարտեզում հետևյալ տեսքն ունի։
Նախկինում շուտ էր ավարտվում, հիմա գալիս է Շիրակ 41՝ Կլայկ» առևտրի կենտրոն․․․ Բազմաբնակարան շենքեր են էս հատվածում: Տեսեք՝ էս Շիրակի փողոցն է, որով երկարել-գնացել է դպրոց, մանկապարտեզ, անձնագրային կա, պոլիկլինիկա․․․
Երթուղին անցկացվել է քաղաքապետարանի գումարներով: Ինչքա՞ն է արժեցել՝ Սարգսյանը տեղյակ չէր։ Ծախսն արդարացված է թե ոչ՝ առաջիկայում պարզ կլինի: Գծի երկարացման օգուտների մասին չի շտապում գնահատական տալ տրոլեյբուսի 40 տարվա վարորդ վարպետ Վաչիկը։
Վաչիկ Խաչատրյան (տրոլեյբուսի վարորդ) - Մի 5 րոպեի տարբերություն է տալիս՝ մի կանեցը: Մարդիկ դեռ չգիտե՞ն: Չէ:
Գիտեն, ոնց չգիտեն: Երկարացված երթուղում տրոլեյբուսն այս շաբաթվա սկզբից է սկսել աշխատել: Ոգևորվել են Շիրակի փողոցի ծայրամասային կանգառներում սպասողները։
Տրոլեյբուսին Երևանում մարդիկ հիմա ստիպված են լինում երկար սպասել, քանի որ մեքենաները քիչ են, ուշ-ուշ են գիծ դուրս գալիս, այն էլ՝ մաշված լինելու պատճառով երբեմն կես ճամփին են մնում։ Մայրաքաղաքում, թարմացվող ավտոբուսների օրինակով, շուտով վերջապես նաև նոր՝ այս տարվա արտադրության տրոլեյբուսներ կունենանք՝ ուղևորներին աչքալուսանք է տալիս Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյան - Մրցույթն արդեն հայտարարված է, բացումը կլինի էս ամսի 25-ին: Հուսանք՝ մասնակից կլինի, և կունենանք նոր տրոլեյբուսներ, ոչ թե 70-ականների կամ 90-ականների արտադրանք.․․
Երևանում այժմ տրոլեյբուսային ընդամենը 5 երթուղի կա, յուրաքանչյուրում 7-8 մեքենա։ Ուղեվարձը 50 դրամ է․․․