ԻՐԱՆՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌԴ, ԻԻՀ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Իրան: Լուրը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահի այցը Թեհրան, որտեղ տեղի կունենա Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպում: Կրեմլի խոսնակը նշել է, որ Պուտինը Թեհրանում եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինի Իրան այցի մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահը: Իսկ երեկ արդեն հայտնի էր դարձել, որ առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակի քննարկումը տեղի կունենա վաղը՝ Ստամբուլում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Վերջին շրջանում ՄԱԿ-ը բազմիցս ահազանգել է աշխարհում հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին: Արևմուտքը և Կիևի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին ՝ սևծովյան նավահանգիստները շրջափակելու համար։ Մոսկվան կտրականապես մերժում է մեղադրանքներն ու նշում, որ Կիևն է խոչընդոտներ ստեղծում արտահանման համար: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և եթե Ուկրաինան մաքրի նավահանգիստները ականներից, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խոչընդոտի հեռանալ:
ՈՒԿՐԱԻՆԱ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 7100 ՎԱՐՁԿԱՆ
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՈՒկրաինա են ժամանել վարձկաններ աշխարհի ավելի քան 60 երկրից՝ Եվրոպայից և Ամերիկայից մինչև Ասիա, Աֆրիկա և Ավստրալիա՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինա է ժամանել ավելի քան 7100 վարձկան:
ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՄՆ-ԻՑ 3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ՍՏԱՑԵԼ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է երեք միլիարդ դոլար՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը: Նա հավելել է, որ սա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված երկրորդ դրամաշնորհն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներից ստացած օգնության հանրագումարը կազմել է 3 միլիարդ դոլար։ Շմիգալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և նախագահ Ջո Բայդենին աջակցության համար։
ԻՐԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իրանը հերքել է Մոսկվային իրանական անօդաչու թռչող սարքերի տրամադրման մասին Վաշինգտոնի հայտարարությունները: Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը նշել է, որ վերջին շրջանում այդ ոլորտում համագործակցության որևէ զարգացում չի նկատվում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը առանց փաստերի ու հստակ տեղեկատվություն ներկայացնելու, հայտարարել էր, որ Իրանը իբր պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար:
ԲԱՅԴԵՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԻՐԱՆԻՆ
Եթե դիվանագիտության պատուհանը դեռ բաց է, ապա դա Իրանի ջանքերի շնորհիվ է՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Ամիր Աբդոլլաիանը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարող մեղադրանքների ու պատժամիջոցների միջոցով Վաշինգտոնի միակողմանի հայացքները պարտադրել Թեհրանին: Նշելով, որ դիվանագիտությունը մեկ ուղղությամբ ճանապարհ չէ՝ Աբդոլլահիանը շեշտել է, որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն ցուցաբերի ճկունություն և նախաձեռնողականություն և ընդունի իրականությունը:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին, իսկ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա այսօր՝ հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ պահպանողական պատգամավորերին միավորող և կուսակցության առաջնորդի ընտրության գործընթացի համար պատասխանատու 1922 Կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին: «Արդյունքը կհայտարարվի սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերադառնա ամառային արձակուրդից»,- ասել է նա՝ հավելելով, որ քվեարկության առաջին երկու փուլերը տեղի կունենան այս շաբաթ: