Ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ պետությունը նպատակ ունի ներքին անվտանգային միջավայրը դարձնել ավելի կառավարելի, իսկ համակարգում ծառայության անցնելը՝ ավելի գրավիչ՝ շեշտում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումներն են:
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Կսահմանվեն ՆԳՆ-ի հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շեշտում է՝ Ներքին գործերի նախարարությունը ոչ թե վերաստեղծում են, այլ նոր նախարարություն են ստեղծում, որը շատ կարևոր քայլ է մեր երկրի իրավապահ համակարգի համար: Խոստովանում է՝ ձգձգվել է այս պրոցեսը, բայց և վստահեցնում է՝ այդ ձգձգումը չի ուշացնի այն երազանքներն ու ցանկությունները, որ դրել են հայեցակարգի հիմքում:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մենք մեր միջազգային գործընկերների հետ գտանք լավագույն և ամենաարագ լուծումը, մենք զրոյից չենք ստեղծելու նախարարություն, վերցնելու ենք ԱԻՆ-ի հենքը: Եվ այս ամիսների աշխատանքի գաղտնիքը նաև այն էր, որ այնպիսի մի մոդել առաջարկենք, որ լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, զրոյից չհավաքի մի նոր կառույց, այլ Ոստիկանության արդեն մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և կարողանանք միասին ստեղծել մի նոր կառույց:
Ըստ նախարարի պարզաբանման՝ մտադիր չեն ավտոմատ կերպով Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ներքին գործերի նախարարություն դարձնել:
Հայաստանի ՄԻՊ-ն ընդգծում է՝ ներքին անվտանգության հարցերը չեն կարող որևէ երկրում անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից, շեշտում՝ ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Եվրոպական ու հետխորհրդարանական տարածքների ավելի քան 30 երկրի փորձի ուսումնասիրություն են իրակաացրել և չեն գտել մեկը, որ ենթական չլինի որևէ քաղաքացիական նախարարության:
Կարծում է՝ Ներքին գործերի նախարարության ձևավորման քայլերի ու փուլերի մանրակրկիտ պլանավորումը և իրագործումը ամենամեծ մարտահրավերն է լինելու, որովհետև սա ամենալայնածավալ վերակազմակերպումն է:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՓՐԿԱՐԱՐ, ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆԳՆ-ՈՒՄ
Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կազմում միավորվելու է 3 կառույց՝ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը՝ մանրամասնում է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Ընդ որում` բոլոր միավորվող կառույցների գնումներով կենտրոնացված կերպով զբաղվելու է ՆԳ նախարարությունը:
Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը համատեղելու են ՆԳ նախարարի տեղակալների պաշտոնները:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Ծառայությունների պետերի, այս դեպքում արդեն նախարարի տեղակալների պաշտոնները համատեղող անձանց նշանակելու է վարչապետը` նախարարի առաջարկությամբ, որպեսզի նաև կապը չխզվի քաղաքականություն մշակողի և քաղաքականություն իրականացնողի միջև: ոստիկանության գլխավոր պաշտոնների նշանակելու է ՆԳ նախարարը, իսկ ավագ և միջին խմբի պաշտոնների` ոստիկանապետը։
Նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա, որը մարզերում ևս կունենա ստորաբաժանումներ:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Գվարդիաներին նախատեսվում է վերապահել հասարակական կարգի պահպանության ապահովումը, շենքերի ու շինությունների, օբյեկտների անվտանգությունը, պատվիրակությունների անվտանգության ապահովումը:
Ծառայության գրավչության ապահովման և համակարգը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար, ընդգծեց՝ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների ընդլայնում է նախատեսվում:
Արա Ֆիդանյան - Պետք է փաստել, որ նոր ձևավորվող պարեկային ծառայության Երևանի և Լոռու, Շիրակի մարզերի ստորաբաժանումների ծառայողներն արդեն իսկ ստանում են բարձրացված չափերով աշխատավարձեր: Ամբողջ հանրապետությունում նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել պարեկային ծառայողներին և ոստիկանության մյուս ծառայողների աշխատավարձերի աստիճանական համահարթեցման ուղղությամբ: Հարցի հետ կապված՝ Ոստիկանության կողմից իրականացվել են ֆինանսական վերլուծություններ, դրսի փորձի հետ ենք համեմատություններ անում:
Կառավարությունը պլանավորում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, իսկ ՆԳ նախարարը հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում՝ նշեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - ՀՀ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը:
Խորհրդարանական լսումներին մասնակցում էին նաև միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք աջակցել են նախագծի ստեղծմանը: Արդարադատության նախարարությունը նախատեսում է տասնօրյա ժամկետում առաջարկների հիման վրա կատարել օրենսդրական փաթեթի լրամշակում, իսկ սեպտեմբերին այն դնել Ազգային ժողովի քննարկմանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան