44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, Հայաստանում ապաստանած արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ապահովման երկրորդ ծրագիրն է մեկնարկել: Այս պահի դրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 170 պայմանագիր է կնքել շահառուների և գործատուների հետ:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ըստ էության, պետությունը 3 ամիս շահառուին փոխհատուցում է 100.000 դրամ գումար` ներառյալ հարկերը, գործատուին վճարում է մենթորի համար 34000 դրամ գումար:
Ծրագիրը եռամսյա է. կարևոր պայման է, որ շահառուն փաստացի ապրի Հայաստանում և մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը առնվազն 3 ամիս բնակված լինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում:
Ռուբեն Սարգսյան - Աշխատանքային փորձ ձեռք բերելու արդյունքում մարդիկ նոր գիտելիքներ են ստանում և ավելի մրցունակ դառնում: Երբ վերադառնան Արցախ, ավելի հեշտ աշխատանք կգտնեն:
Քաշաթաղի շրջանից տեղահանված Ոսկեհատ Հովհաննիսյանը երկրորդ շաբաթն է` այս ծրագրով աշխատանքի է ընդունվել: Պատմության ուսուցչուհին Երևանում նախընտրել է իր մասնագիտությամբ աշխատել: Դասավանդում է ամառային կրթական կենտրոններից մեկում:
Ոսկեհատ Հովհաննիսյան (ծրագրի շահառու) - Երեխաները տրամաբանական խաղեր են խաղում, սովորում են ձեռքի աշխատանքներ, կուզենամ նմանատիպ դպրոց նաև Արցախում ունենանք: Ես հույս ունեմ, որ բոլոր արցախցիները կվերադառնան հայրենիք:
Եռամսյա զբաղվածության պետական ծրագրի իրագործման համար Կառավարությունը 130 մլն դրամ է հատկացրել: Նախորդ տարի 389 շահառու է օգտվել, մի մասը հիմնական աշխատանքի անցել: Մանկավարժ Հովհաննիսյանի ցանկությունն է՝ ծրագրի ավարտից հետո Հայաստանում ստացած նոր գիտելիքն ու հմտությունը փոխանցել Արցախի երեխաներին: