Հնի և նորի երկխոսություն։ Մատենադարանում բացվել է արվեստագետ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը։ Պողոսյանն այն եզակի արվեստագետներից է, որը ստեղծագործում է կրակի տեխնիկայով։
Ժան Պողոսյան (արվեստագետ) - Ցուցահանդեսի թեմատիկան կրակն է, կրակի միջոցով ստեղծված գրքերը և ձեռագրերը։ Արդեն 12 տարի կրակը ինձ հետ է, ես՝ կրակի հետ։ Այն ընկերս է, ես հաշտ եմ նրա հետ, գիտեմ նրան տիրապետել։ Խորհրդանշական կերպով ասած, ստեղծագործելիս ես կրակի հետ պարի մեջ եմ մտնում և փորձում ուղղություն տալ նրան։
Մատենադարանում առաջին անգամ է հին ձեռագրերի կողքին ներկայացվում ժամանակակից արվեստ։ Պողոսյանը գեղարվեստորեն վերափոխում ու նոր կյանք է տալիս արժեզրկման ու անհետացման դատապարտված նյութին՝ վերարժևորելով, դրան նոր ձև ու իմաստ հաղորդելով:
Սոնա Բալոյան (Մատենադարանի միջազգային կապերի առաջատար մասնագետ) - Մենք որոշեցինք գնալ այս նորարարությանը, քանի որ Ժան Պողոսյանի գործերը շատ հետաքրքիր են, և հիմքում դարձյալ գիրքն է։ Եվ մենք փորձեցինք այդ ընդհանուր կոնցեպտի շուրջ ներկայացնել հինը և նորը, մեր միջնադարյան ձեռագրերը և Ժան Պողոսյանի ստեղծած ժամանակակից արվեստի գործերը։ Եվ ցույց տալ, որ գիրքը տարբեր ժամանակներում կարող է ունենալ տարբեր գեղարվեստական դրսևորումներ։
Արվեստագետը ստեղծագործում է կտավի, թղթի, գրքի, բրոնզի, մարմարի, կտավի և խեցու վրա՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ ջրաներկ, ածուխ, յուղ, գունանյութեր և ակրիլային ներկեր:
Ըստ ցուցահանդեսի համակարգող Կարապետ Բարդակչյանի՝ Պողոսյանը առարկաները վնասելու միտում չունի, այլ նրա նպատակն է ավելի ռոմանտիկ և պոետիկ պատմել ասելիքը։
Կարապետ Բարդակչյան («Երկխոսություն» ցուցահանդեսի համակարգող) - Ժանի միջոցով մենք հավերժություն մտանք անտեսված գրքերի, անտեսված արվեստի, որ կրակը այնքան էլ վատ բան չէ, այլ իրականության մեջ, կյանքի մեջ շատ բաներ կան, որ առանց կրակի արդեն չի կարելի։
«Երկխոսություն» ցուցադրության համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է: Ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև հոկտեմբերի 8-ը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան