Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ Հիմնադրամը պարզաբանում է, որ հաշմանդամության սահմանման գործընթացում որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։
«ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։
Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։
Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ»,- ասված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ոտքը կորցրած Արամ Քալանթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով, որ զրկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրամադրվող հատուցումից։
Գրառման մեջ Քալանթարյանը հայտնել էր՝ սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում, իսկ 1 տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել էին նաև Հիմնադրամի հատուցումները։
Վերջինս բաց նամակը հասցեագրել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Զինվորի Տուն Վերականգնողական կենտրոնին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Միասնական սոցիալական ծառայությանը: