Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է բացառապես պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո՝ հայտարարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավարը՝ արձագանքելով ոլորտային նախարարության՝ կիրակի հրապարակած պարզաբանմանը:
Դեռ շաբաթ օրը Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան գագաթից ազդարարել էր արձանի կառուցման մեկնարկը, ինչին հետևել էր ԿԳՄՍ արձագանքը: Մշակույթի նախարարությունը թեև ընդունելի էր համարել Քրիստոսի մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել էր հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն՝ մինչև սահմանված կարգով նախագծի ներկայացումն ու մասնագիտական ուսումնասիրությունը։
Հարցին ի պատասխան՝ աշխատանքները կատարվում են առանց նախարարության գիտությա՞ն, և արդյոք տեղանքի հարցը համաձայնեցվա՞ծ է, Իվետա Տոնոյանն ասաց.
Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար) - Բոլոր ընթացակարգերը կատարվել ու կատարվում են օրենքի շրջանակում, մինչ այս կատարել են ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ՝ ճանապարհ, սյուների տեղադրում, հոսանքի, ջրի, գազի ապահովման աշխատանքներ, որոնց մասով թույլտվություններն առկա են, իսկ ինչ վերաբերում է հենց բուն հիսուսի արձանի կառուցմանը, դրանք մեկնարկած չեն և մեկնարկելու են բացառապես համապատասխան գերատեսչությունների թույլտվությունների պարագայում:
Պարզվում է` «Ծառուկյան» հիմնադրամը դեռ փետրվարի 28-ին է գրություն ուղարկել ԿԳՄՍ, ինչին ի պատասխան նախարարությունից նշել են.
«… Քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենքը և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելը»:
Նախարարությունը շեշտում է՝ չնայած սրան` հիմնադրամից նախագիծ չի ներկայացվել:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այս պահին դեռևս նախագիծ չկա, մենք հայտարարությամբ տարածել ենք գործող կարգը, գործող օրենսդրությունը, և հուսով ենք, որ հետագան կլինի գործող կարգի համաձայն: Ինչ կլինի` կապրենք, կտեսնենք:
Ու չնայած հաստատված նախագիծ չկա` ԲՀԿ առաջնորդի գլխավորած հիմնադրամը դեպի Հատիսի գագաթ տանող ճանապարհ է կառուցում, ծրագրերում էլ ճոպանուղի է նախատեսում: Շաբաթ օրն էլ անձամբ Ծառուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարը միասին ստորագրեցին շինարարության մեկնարկի փաստաթղթի կրկնօրինակը, դրեցին փոսն ու ազդարարեցին մեկնարկը:
Ինչպես է ստացվում, որ Վահան Քերոբյանն ի պաշտոնե մասնակցում է մի միջոցառման, որի կառուցման փաստաթղթերն, ըստ ԿԳՄՍ նախարարի, դեռ հաստատված չեն: Հարցի պատասխանն այսօր չհաջողվեց ստանալ ո՛չ Մշակույթի, ո՛չ Էկոնոմիկայի նախարարություններից: Քերոբյանն ու նրա խոսնակը զանգերն անպատասխան թողեցին, իսկ Կրթության, գիտության և մշակույթի նախարարության լրատվական բաժնից «Լուրեր»-ին փոխանցեցին՝ նախարարի ճեպազրույցից դուրս հալելյալ մեկնաբանություն չունեն:
2500 մետր բարձրությամբ Հատիսի փեշերին պատմության և մշակույթի պետական ցուցակում գրանցված մոտ 20 հուշարձան կա՝ ասված է նախարարության հայտարարությունում: Ավելին՝ գագաթին, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց է առկա, որն, ըստ օրենքի, նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստանում և պահպանվում է մինչև պետական ցուցակում ընդգրկվելը: Մինչդեռ այդ հատվածում արդեն հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ են կատարվել:
Արդյոք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը պատրաստվո՞ւմ է հետևել ԿԳՄՍ հորդորին ու դադարեցնել աշխատանքները մինչև սահմանված կարգով նախագծի ներկայացումը՝ հետաքրքրվեցինք Իվետա Տոնոյանից:
Իվետա Տոնոյան - Աշխատանքներն ընթանում են միայն այն մասում, որի մասով որ կա թույլտվություն:
Այն, որ Քրիստոսի արձանի 33 մետրանոց, հայկական տարբերակը նախատեսվում է տեղադրել հենց Հատիսի գագաթին, լայն հանրությունն իմացավ անցած հինգշաբթի: Վարչապետ Փաշինյանը, նախնական դրական գնահատելով նախագիծը, տեղեկացրեց, որ համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են Կառավարություն, այժմ պետք է քննարկեն: