Տեր Արիստակես քահանա Բաղալյան (Բջնիի Ս Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ) - Առաջին անգամ երբ տեսանք՝ քար ընկավ, անհանգստություն ունեցանք և տեսանք, որ պատի այդ հատվածը տարբերվում է:
Բջնիի Ս Աստվածածին եկեղեցու պատից քարերը սկսեցին թափվել 2-3 տարի առաջ, հետո խնդիրը խորացավ: Պատն ամրակայել, քարերն էլ համարակալել է գյուղացիներից մեկը, որ եթե փլուզվի, վերականգնելը հեշտ լինի:
Ամիրան Բադիշյան (վերականգնող ճարտարապետ) - Այն դեպքերից է, երբ մեր հուշարձաններն ունենում են հրատապ տեղային միջամտության կարիք, այսինքն՝ եկեղեցու հյուսիսարևելյան մի անկյունում փլուզման վտանգ ունենք, որը պատճառ է ժամանակի ընթացքում տանիքներից ներթափանցած անձրևաջրերի ներթափանցման:
11-րդ դարի կառույցին շտապ միջոցառումներ են անհրաժեշտ՝ վարչապետի հանձնարարականով դրանք կիրականացվեն այս տարի: Տեղում Մայր Աթոռի աշխատանքային խումբն ու ճարտարապետներն են:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հենց այս տարի, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ֆինանսավորել եկեղեցու ծածկասալերի փոխումով և վտանգված պատի հատվածի քանդումով, վերաշարումով, վնասվածքները վերացնելով աշխատանքը:
Մայր Աթոռը վերականգնման նախագծային աշխատանքը տարիներ առաջ արել է, բայց լրամշակման կարիք կա: Կհեռացնեն նաև բուսաշերտերը, կվերականգնեն կոտրված կամ բացակա ծածկասալերը:
Հարություն Վանյան - Նախնական տեղեկություններով՝ էսքիզային մակարդակում, 10-15 միլիոնի մասին է խոսքը:
Եկեղեցու պատի վերականգնման աշխատանքներն ավարտված կլինեն մինչև տարեվերջ: Կբարեկարգվի նաև 10-րդ դարի հուշարձան-ամրոցի տարածքը: Բջնին զբոսաշրջային օրինակելի վայր դարձնելը Կառավարության օրակարգում է: Այցելուների թիվը շուտով կավելանա, նախատեսվում է այստեղ բերող ճանապարհի հիմնանորոգում:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Առաջիկայում արդեն նաև արտաբյուջեի գոյացած միջոցներից միջոցներ կուղղվեն ենթակառուցվածքների ստեղծմանը, այդ թվում՝ սանհանգույցի, ճանապարհի, ճեմուղիներ, քայլուղիներ կկառուցվեն, նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են:
Պատմամշակութային արգելոց-թանգարանի կարգավիճակ ունեցող ամրոցի որոշ հատվածներ նաև վերականգնման կարիք ունեն, վերջին աշխատանքները 11 տարվա վաղեմություն ունեն: Տասնամյակներով չի նորոգվել նաև Բջնի-Հրազդան ավտոճանապարհը: Մի մասն արդեն ասֆալտի նոր ծածկույթ ունի:
Սուրեն Եգանյան (շինարար) - Ճանապարհի կողերն ենք ամրացնում, որ հետո ասֆալտեն: Ճանապարհի կեսից ավելին արված է, ասֆալտապատած է, սա էլ կվերջացնեն, մնացածն էլ կասֆալտապատեն ու վերջ:
Այս Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար Կառավարությունը 717 մլն դրամ է հատկացրել: Բջնին զբասաշրջիկներին պատշաճ ենթակառուցվածքներով ու շատ ավելի խնամված տեսքով կդիմավորի մյուս տարի: