Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
9 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և գործունեության կասեցում՝ մեկ ամիս ժամկետով։ 1 նոտար կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
1 կարգապահական վարույթ է իրականացվել սնանկության գործերով կառավարչի նկատմամբ, որի արդյունքում կիրառվել է կարգապահական պատասխանատվության միջոց՝ նկատողություն։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ վարչության գործունեության տարեկան ծրագրով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով, տրված ցուցումների հիման վրա նշանակված կարգապահական վարույթների արդյունքներով՝ 7 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նախազգուշացում, 2 մասով վարույթի նյութերն ընդունվել են ի գիտություն, իսկ 1 հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված թվով 2 ծառայողական քննության արդյունքում՝ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում և 1 նկատողություն:
Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքների ամփոփման հիման վրա կազմակերպության ղեկավարի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների արդյունքներով՝ 2 դեպքում կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն, 1 դեպքով ծառայողական քննության ընթացքում աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության վերաբերյալ ներկայացված դիմում-բողոքներից 2-ը բավարարվել են մասնակի և հարուցված վարչական վարույթների արդյունքում՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համապատասխան ակտերը վերացվել են։
Ընդդեմ Արդարադատության նախարարության ներկայացված 6 դատական գործերով իրականացվել է դատական ներկայացուցչություն: