ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻՆԸ՝ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Ջո Բայդենը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այժմ Սենատի պրոֆիլային հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվինը պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին: Ապա դիվանագետի թեկնածության հաստատման հարցը պետք է դրվի քվեարկության Կոնգրեսի վերին պալատում: Մինչև այս տարվա կեսերը Քվինը եղել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը: Նախկինում դիվանագետն աշխատել է Բանգկոկում, Լոնդոնում, Մոսկվայում, Բրյուսելում ԱՄՆ դեսպանություններում, ինչպես նաև եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՌԴ-ԻՆ ԱԹՍ-ՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ. ՍԱԼԻՎԱՆ
Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը պատրատսովում է Մոսկվային տրամադրել անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրիանայում օգտագործելու համար: Ճեպազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ դեռ չունեն հստակ տեղեկատվություն՝ արդյոք ԱԹՍ-ներն արդեն Ռուսաստանում են, թե ոչ, բայց տեղեկություն ունեն նաև, որ Իրանը նախատեսում է ռուսական ուժերին վերապատրաստել այդ անօդաչու սարքերի օգտագործման հարցում։ Վերապատրաստման առաջին փուլը պետք է սկսվի հուլիսի սկզբին՝ մանրամասնել է պաշտոնյան: Ջեյք Սալիվանը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելում անցկացնելու է պարենային անվտանգության գագաթնաժողով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Հնդկաստանի մասնակցությամբ։
ՌԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսաստանը կարող է ոչ միայն սահմանափակել, այլ ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ կոչ անելով աշխարհին պատրաստվել նման սցենարի:
Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ պատժամիջոցներից հրաժարումը Մոսկվայի կողմից ընկալվում է որպես թուլության դրսևորում, ուստի պետք է թույլ չտալ Ռուսաստանին տեսնել նման վարքագիծ: Անդրադառնալով ռազմական գործողության ընթացքին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը շաբաթ օրվանից 34 օդային հարված է հասցրել, ամենալուրջ հետևանքները կրել է Խարկովը. մեկ թաղամասն ամբողջությամբ ավերվել է: Զելենսկիի խոսքով՝ ծայրահեղ կատաղի մարտերը շարունակվում են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում:
ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՈՍՔԻՆ. ԿՈՉ ԵՄ-ԻՆ
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել աշխարհում պարենային և էներգակիրների գների բարձրացման հետևանքով սպասվող միգրանտների հնարավոր հոսքին: Եվրամիության երկրների Ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Պրահայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները ներկայացնելով՝ ներքին հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը զգուշացրել է, որ հնարավոր է մարդիկ դադարեն իրենց ապահով զգալ սեփական երկրներում և փորձեն հեռանալ: Եվրահանձնակատարի խոսքով գնաճը կարող է հանգեցնել այլ երկրներում անկայունության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության: Յոհանսոնը հայտնել է նաև, որ այժմ ԵՄ-ում կա մոտ 3,7 մլն փախստական: «Ընդհանուր առմամբ, 6,7 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ, իսկ մոտ երեք միլիոնը հետո վերադարձել է: Մոտ 3,7 միլիոն մարդ ժամանակավոր պաշտպանություն է խնդրել»,-նշել է Յոհանսոնը:
ԲԵԼԱՌՈՒՍԸ ՇՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Բելառուսը Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և առաջիկա կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել կազմակերպությանը Մինսկի անդամակցության գործընթացը: Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը հայտարարել է, որ եթե ընդհանուր որոշում կայացվի, Բելառուսը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Կառույցի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում՝ աշնան սկզբին:
ԿԱՊԿԻ ԾԱՂԿԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսաստանում կապկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած երիտասարդի մոտ: Նա հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական հաստատություն. հետազոտություններից հետո հաստատվել է ախտորոշումը: Ռոսպոտրեբնադզորից պարզաբանել են, որ հիվանդությունը թեթև է ընթանում. հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է բժշկական կենտրոնում: