ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարաձգել է Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը՝ կապված Հոնկոնգում տիրող իրավիճակի հետ:
«Հոնկոնգի իրադրությունը, ներառյալ՝ Հոնկոնգի ինքնավարության խաթարմանն ուղղված՝ Չինաստանի վերջին գործողությունները, շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»,- նշված է Բայդենի հայտարարության մեջ։
2020 թ. ամռանը Չինաստանի խորհրդարանն օրենք է ընդունել Հոնկոնգում ազգային անվտանգության ապահովման մասին։ Ըստ Պեկինի՝ այն ուղղված է ահաբեկչության, անջատողականության, պետական իշխանության տապալման, օտարերկրյա ուժերի հետ դավադրության դեմ պայքարին: Սպիտակ տունը տվյալ օրենսդրական նախաձեռնությունն ընդունել է որպես Հոնկոնգի ինքնավարության խախտում։