«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը բացվում է Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին» ֆիլմի երևանյան պրեմիերայով։ Ֆիլմն, ըստ էության, հեղինակների ազնիվ ու անխարդախ հայացքն է հայրենիքի բազմաշերտ իրականությանը, որի հայելային անդրադարձում արտահայտված են որքան գեղեցիկ, նույնքան տխուր իրողություններ: Էկրանից հանդիսատեսին է ներկայացվում իրենց ինքնության ու երազանքների փնտրտուքների մեջ գտնվող հերոսների դիմանկարների շարքը. մարդիկ, որ ապրում են իրականության և երազանքի սահմանագծում և հեղինակների հետ անպատասխան հարցերի պատասխաններն են փնտրում:
Վահագն Խաչատրյան («Հինգ երազողները և ձին» ֆիլմի ռեժիսոր) - Երբ ռեժիսորը ֆիլմ է նկարում, ավելի շատ իր մասին է պատմում կամ փորձում է ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել:
Հինգ տարի առաջ ֆիլմի համահեղինակները՝ Վահագն Խաչատրյանն ու Արեն Մալաքյանը, հիմնադրեցին «Ոիլիք » կինոարտադրական ստուդիան և Գերմանիայի, Շվեյցարիայի, Դանիայի ու Վրաստանի հետ համատեղ սկսեցին այս նախագիծը: Այսօր ֆիլմն արդեն ներկայացվել է վավերագրական ֆիլմերի հեղինակավոր՝ «Նիյոնի Վիժոն դուղել » Visions du Réel, կանադական Hot Docs կինոփառատոներում, իսկ երևանյան պրեմիերայի նույն ժամին ֆիլմը ցուցադրվեց նաև Ֆրանսիական FIDMarseille-ի ծրագրում: Ֆիլմի փառատոնային ցուցադրություններն իրենց արձագանքն են գտել նաև եվրոպական մամուլում:
Արեն Մալաքյան («Հինգ երազողները և ձին» ֆիլմի ռեժիսոր) - Շվեյցարական պարբերականներից մեկը գրել էր, որ սա Հայաստանի այսօրվա պատկերն է, և ես համաձայն եմ դրան:
Ֆիլմի հերոսները՝ տարբեր սերունդների, սոցիալական կարգավիճակի ու ինտելեկտի տեր մարդիկ, ձգտում են իրականացնել իրենց երազանքը. հիվանդանոցի վերելակավար կինը երազում է տիեզերք թռչել, գյուղացի տղան իր երազանքի կնոջն է փնտրում, և ոչ ավանդական կողմնորոշման աղջիկները ազատության իրենց բաժինն են ուզում, և բոլորը, ի հեճուկս ամեն ինչի, երջանկության իրենց բանաձևն են ստեղծում: Մարդկային ճակատագրերի այս համապատկերը հեղինակներն ավարտում են մեծ ցնցումի՝ 44-օրյա պատերազմի կադրերով, որում զոհված երազողներից մեկի հիշատակին է նվիրված ֆիլմը: