Այսպես 64 երկրների աշակերտական թիմեր՝ ամեն թիմում՝ 4 մասնակից, Հայաստան են ժամանել: Հուլիսի 10-18-ը առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Կենսաբանության միջազգային օլիմպիադան: Բացման արարողությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էր:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կենսաբանության օլիմպիադայի մասնակիցներ, բարի գալուստ Հայաստան:
Այս միջազգային օլիմպիադան կենսաբանություն առարկայից դպրոցականների համար կազմակերպվող ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթն է: Օլիմպիադան անցկացվում է 1990 թվականից, այսօր ունի 78 անդամ պետություն: 2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին արդեն դարձել լիիրավ անդամ: Մինչ օրս Կենսաբանության միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:
Արայիկ Հարությունյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախաձեռնությամբ:
Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար՝ պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում:
33-րդ Օլիմպիադային մասնակցում է ընդհանուր 500 օտարերկրյա պատվիրակ: 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ:
Արայիկ Հարությունյան - Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը հավաստումն է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի կարևորության և առաջնահերթության: Իսկ կենսաբանությունը, որպես առանձին ճյուղ, առավել քան առանցքային է. այն բժշկության հիմքն է, որտեղ հայ մասնագետները հայտնի են իրենց՝ համաշխարհային մակարդակի ներդրմամբ:
Վահրամ Դումանյան - Ուրախ եմ տեսնել այս դահլիճում աշխարհի 60-ից ավելի երկրների սովորողների, որոնք կենսաբանության դպրոցական ամենահեղինակավոր միջոցառման՝ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն են: Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի օրերին մեր մոլորակի ապագան վճռում էին գիտնականներն ու բժիշկները, և ես վստահ եմ, որ դուք ձեր կարևոր խոսքն եք ունենալու գիտության և բժշկության զարգացման գործում։
Օլիմպիադայի կազմակերպման համար Հայաստանի կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Իսկ միջոցառումը համակարգում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:
ԿԳՄՍ նախարարը շեշետում է՝ Կառավարությունը շարունակական քաղաքականություն է վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ, հիշեցնում՝ շարունակությունը այս տարվա սեպտեմբերին է՝ հյուրընկալելու ենք գիտության և արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը։
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան ցավով է հիշեցնում՝ անցած երկու տարիներին կորոնավիրուսային համավարակը թույլ չի տվել իրական միջավայրում անցկացնել Կենսաբանության միջազգային օլիմպիադան, այս տարի դեռ ֆիզիկայի և քիմիայի միջազգային օլիմպիադաները հեռավար են անցկացվում:
Րիոչի Մացուդա (ԿՄՕ ասոցիացիայի նախագահ) - Այդ իմաստով շատ շնորհակալ ենք, որ այժմ իրական միջավայրում անցկացնում ենք «Կենսաբանության միջազգային օլիմպիադա 2022»-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում:
Օլիմպիականներին դիմելով էլ կոչ է անում՝ շատ շփվել՝ թեկուզ կոտրված անգլերենով, շատ ընկերներ ձեռք բերել և հիշել՝
դուք բոլորդ հաղթողներ եք:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան