ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Միջոցառման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը և «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է գործընկերներին «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով այն հանգամանքը, որ այն համահունչ է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրին և մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը:
«Ծրագիրը մի քանի առումով է ուշագրավ: Նախ՝ հստակ կապ է ստեղծում մշակույթի ոլորտի և տնտեսական առաջընթացի միջև, 2-րդ՝ մեծ բյուջեով՝ 3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է, ինչը 3 տարվա կտրվածքով ենթադրում է շոշափելի արդյունքներ, և ամենակարևորը՝ ամբողջ մշակութային էկոհամակարգի զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու՝ շեշտադրելով կարողությունների զարգացումը, նորարարության խթանումը, մշակույթի ոլորտում միջազգային երկխոսությունների կայացումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով ծրագրի՝ Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր մաս լինելու իրողությունը:
«Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից (ՀԲԸՄ, գլխավոր դիմորդ)՝ «Ստեղծարար Հայաստանի» («Creative Armenia») հետ համագործակցությամբ։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը հատկապես կարևորել է ՀԲԸՄ-ի՝ որպես կրթության և մշակույթի ոլորտների առաջընթացին նպաստող աշխարհի խոշորագույն հայկական կառույց լինելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան է ստեղծարարության աջակցմանը:
«Կատապուլտ» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը, զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս ծրագրի մեկնարկը որակել է որպես միմյանց շնորհավորելու լավ առիթ և գնահատել այն որպես մշակութային օղակների զարգացման խթան. «Նախորդ տարիների ընթացքում ախտորոշել ենք մշակույթի ոլորտի խնդիրները, գիտենք, թե մեզ ինչ է անհրաժեշտ, ինչ արդիականացման միջոցառումների կարիք ունենք: Խնդիրների առատությունն ու տարիների ժառանգած բեռը հնարավոր չէ միայն պետական գերատեսչության ռեսուրսներով կարգավորել և իրականացնել: Եվ մեզ համար չափազանց կարևոր է ունենալ այսպիսի լծակ՝ մասնագիտական և ֆինանսական աղբյուր, որը մեզ տանում է մշակութային հաստատությունների կառավարման մոդելների արդիականացման և մշակույթի տնտեսականացման ճանապարհով»:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ երեք տարի անց գործ կունենանք մշակույթի ոլորտի բոլորովին այլ իրողության հետ:
ԵՄ ներկայացուցիչը՝ Ֆրանկ Հեսսը, նույնպես կարևորել է համագործակցությունը և համատեղ ջանքերով նոր ծրագրերի իրականացումը: Ըստ նրա՝ այս հուշագրով ընդգծվում են առկա խնդիրներն ու բարդությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունները:
«Կատապուլտ» ծրագրի շրջանակում Creative Armenia-ն կառաջնորդի իր ստեղծած և զարգացրած Artbox ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը: Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ Artbox-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար, որ կոչված է ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ տրամադրելու թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների նախագծերին:
Ծրագրի ներկայացմանը հաջորդել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: