Մշակույթ, կրթություն, արդյունաբերություն՝ համեմված ստեղծարար մտքով: Այս ամենը «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրով կիրականացվի: Նախագծումը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է իրականացրել՝ Creative Armenia-ի հետ գործակցությամբ, ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Նպատակադրվել են Հայաստանում խթանել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունը, հզորացնել մասնագետների կարողությունները:
Վազգեն Յակուբյան (ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ) - Մեր այս ծրագրի միջոցով մի շատ կարևոր կոմպոնենտ էլ կա, այն է՝ Սփյուռքի մեր ներուժի ներգրավման կոմպոնենտը:
Ծրագիրը մի քանի ուղղությամբ է իրականացվելու՝ անհատական ու կրթական աշխատանքներ մշակույթի գործիչների, մասնագետների հետ, որը կիրականացնեն Artbox ինկուբատորի միջոցով: Աշխատելու են նաև մշակութային կառույցների հետ:
Աննա Գարգարյան («Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար) - Մշակութային կառույցների համար տարբեր դրամաշնորհներ ենք նախատեսել, որպեսզի իրենք կարողանան նոր տեխնիկա նաև վերցնել, որպեսզի նրանց աշխատանքը ավելի որակով ու ավելի մեծ հնարավորություններ ունենա: Մենք տեսնում ենք էդ գործիքների պակասությունը, որպես մեծ խնդիր, որը նրչանց աշխատանքը կտրում է:
Այս ծրագիրը ծառայելու է նաև որպես հարթակ՝ կապ ստեղծելով Հայաստանի և Եվրամիության միջև: Այստեղ և՛ փորձի փոխանակման, և՛ բիզնես գործակցության կոմպոնենտներ կան: Եվրամիության տրամադրած բյուջեն 3 մլն եվրո է, ևս 800 հազար եվրո կհատկացնի ՀԲԸՄ-ն:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մեր ակնկալիքն է, որ 3 տարվա ընթացքում ամբողջ էկոհամակարգը կզարգանա, որակական նոր հարթության վրա կգա, որ մենք ունենանք ոչ միայն ուղղակի մշակույթի գործիչներ, որոնք զուտ դասական իմաստով մշակույթի գործիչներ են, այլ մարդիկ, ովքեր մշակույթի տնտեսության կազմակերպիչներ են և կարողանում են մոնետիզացիայի ենթարկել իրենց կողմից ստեղծված մշակութային արտադրանքը:
Ֆրանկ Հեսս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար) - «Կատապուլտը» ինքնին նորարար է, ընտրման գործընթացը ևս բազմաբաղադրիչ է եղել, դիմումների քանակը շատ մեծ է, մենք շատ ուրախ ենք դրա համար:
Ծրագիրն ամբողջապես համահունչ է Կառավարության ռազմավարությանը, նախագծման ընթացքում միությունը հենց այն ուղղություններն ու ոլորտներ է ընտրել, որի զարգացումը առաջնահերթ է նաև պետության համար՝ ասում են մասնագետները:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Սա չափազանց կարևոր է մեզ համար՝ ունենալ այսպիսի լծակ, այսպիսի պաշար մասնագիտական, ֆինանսական, որպեսզի գնանք մշակութային հաստատությունների կառավարման մոդելների արդիականացման, գնանք մեծ հաշվով մշակույթի տնտեսականացման ճանապարհով:
Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Եթե մենք ուզում ենք բարձր ավելացված արժեքով տեքստիլ ոլորտ ունենանլ, օրինակ, կամ հագուստի արտադրություն, դա նշանակում է, որ մենք պետք է զարգացնենք դիզայնը, որոշակի PR գործիքներ, վիդեո, ֆոտո և այլն: Այսինքն՝ բազմաթիվ ստեղծարար ոլորտներ կնպաստեն նաև արդյունաբերական ոլորտների վերելքին:
Գևորգ Մանթաշյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ) - Համարում ենք, որ ստեղծագործ և ստեղծարար ինդուստրիայի զարգացումը շատ կարևոր է մեզ համար, որ ինովացիաները նույնպես տեղի ունենան: Մենք կարծում ենք, որ նոր արժեք ստեղծելու համար շատ կարևոր է ստեղծագործ մտածելակերպ ունենալը, և նորարար լուծումները մեր տնտեսության մեջ լրացուցիչ արժեքներ ստեղծելու համար կարևոր հիմք են:
Գաղափարի ներկայացմանը հաջորդել է նախաձեռնության մեկնարկը հավաստող հուշագրի ստորագրումը՝ ԵՄ-ի, ՀԲԸՄ-ի և պետական 3 գերատեսչությունների միջև: Ծրագիրը կտևի 3 տարի: