Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։
Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ։
«Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը՝ այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։
Անձին հաշմանդամություն սահմանվում է (այդ թվում՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) Հայաստանի Հանրապետությունում գործող՝ հաշմանդամության սահմանման չափորոշիչներին համապատասխան՝ հաստատված ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13 թիվ 780-Ն որոշմամբ։
Ըստ այդմ՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 1-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝
-
ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ).
-
ինքնուրույն տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ).
-
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ, առկա է սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.
-
ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն։
Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 2-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝
-
ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ) և այլ անձանց մասնակի օգնությամբ.
-
ինքնուրույն տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է օժանդակ միջոցների (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ) օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.
-
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, առկա է այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.
-
ուսումնառության 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն։
Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) առաջին խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ անձն ունի կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 3-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝
-
ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն, այսինքն՝ անձն ունի ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն.
-
ինքնուրույն տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ առկա է ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ոտքը կորցրած Արամ Քալանթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով, որ զրկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տրամադրվող հատուցումից։
Գրառման մեջ Քալանթարյանը հայտնել էր՝ սկզբում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում, իսկ 1 տարի անց, հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել էին նաև Հիմնադրամի հատուցումները։
Վերջինս բաց նամակը հասցեագրել էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, Զինվորի Տուն Վերականգնողական կենտրոնին, ՀՀ պաշտպանության նախարարությանը, Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիային, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Միասնական սոցիալական ծառայությանը: