ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Շրի Լանկայի նախագահը պաշտոնապես տեղեկացրել է իր հրաժարականի մասին. նա հայտարարել է, որ պաշտոնը կլքի 2 օրից։ Գոդաբայա Ռաջապաքսի գտնվելու վայրն անհայտ է: Նախագահի նստավայրը գրավելուց հետո ցուցարարները հայտնել էին, որ չեն հեռանա այնտեղից, քանի դեռ Ռաջապաքսը հրաժարական չի ներկայացրել։ Ակտիվիստները գրավել են նաև վարչապետի նստավայրը։ Վերջինս նույնպես հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին։
Այսօր Շրի Լանկայի կուսակցությունների առաջնորդները արտահերթ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու քաղաքական իրավիճակը և որոշումներ կայացնելու՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո նոր կառավարություն ձևավորելու մանրամասները: Շրի Լանկայում զանգվածային ցույցերի մասնակիցները բողոքում են երկրի տնտեսական վիճակից: Մասնագետների գնահատմամբ՝ Շրի Լանկայում գնաճը հասել է մինչև 70%. երկրում սննդամթերքի, դեղամիջոցների, վառելիքի լուրջ սղություն է արձանագրվել:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՐԱՎԸ
Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերին հրամայել է վերահսկողություն սահմանել երկրի հարավի նկատմամբ՝ Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նա նշել է, որ այդ և այլ առաջադրանքների համար Ուկրաինան ունի շուրջ 1 միլիոն մարտիկ։ Ռեզնիկովը նշել է, որ քաղաքական առումով դա խիստ անհրաժեշտ է երկրի համար, ուստի Զելենսկին ԶՈւ գլխավոր հրամանատարին հրամայել է պլան մշակել։ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Կիևին իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ են արևմտյան սպառազինություն և ռազմական օգնություն:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔՈՎ» ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է
Ռուսաստանը Եվրոպա գազի մատակարարումները կրճատում է մինչև պատմական նվազագույն մակարդակ: «Գազպրոմը» փակել է գլխավոր երթուղին՝ Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք» խողովակաշարը: Գազամատակարարումը դադարեցվել է առայժմ 10 օրով՝ պրոֆիլակտիկայի համար, սակայն Եվրոպայում մտավախություն կա, որ հնարավոր է դա ավելի երկար տևի: Այս ֆոնին եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը հայտարարել է, թե իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է դեռ ահագնանալ:
ՖՐԱՆՍԻԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԴ-ԻՑ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը՝ կոչ անելով քաղաքացիներին պատրաստվել նման սցենարի: Նախարարը հավելել է, որ անպատասխանատու է համարում իրադարձությունների նման զարգացումը նախապես չկանխատեսելն ու ֆրանսիացիներին տեղյալ չպահելը: Նա նշել է նաև, որ կառավարությունը աշխատում է բացահայտել այն ընկերությունները, որոնք գազի մատակարարաման հնարավոր դադարեցման դեպքում պիտի առաջնահերթ օգնություն ստանան:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը տեղեկացրել է, որ կառաջադրի իր թեկնածությունը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար։ «Ես ընտրություններում կպայքարեմ որպես պահպանողական և կկառավարեմ որպես պահպանողական»,- գրել է Թրասը Telegraph թերթի հոդվածում։ Նախարարը խոստացել է «անմիջապես գործի անցնել» նոր պաշտոնում՝ տնտեսության վերականգնման և Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի «պարտությունն» ապահովելու նպատակով։ Թրասը խոստացել է նաև վարչապետության «առաջին օրվանից իջեցնել հարկերը»։