Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուանդայի արտաքին գործերի նախարար Վինսենտ Բիրուտայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Վինսենտ Բիրուտան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ռուանդայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Վինսենտ Բիրուտան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, այնուհետև նրան ուղեկցել ՀՑԹԻ գիտաժողովների սրահ, որտեղ ընթանում էր ամերիկացի ուսուցիչների համար մշակված վերապատրաստման ծրագիրը:
Ռուանդայի ԱԳ նախարարը կարճ խոսքով դիմել է ներկա ուսուցիչներին և, որպես ցեղասպանության սարսափներով անցած երկրի ներկայացուցիչ, կարևորելով նման ծրագրերի անցկացումը՝ հույս հայտնել, որ կրթության միջոցով հնարավոր կլինի կանխել ցեղասպանությունների կրկնությունը:
Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Վինսենտ Բիրուտան ջրել է 2018 թ. Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի տնկած արծաթափայլ եղևնին: