Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր:
Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 97 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:
Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 97 որոշում՝ ընդհանուր շուրջ 58.5 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ վարչական 4 ակտով նախատեսվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022 թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 21 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է ռիսկերի խորհրդի կողմից:
Գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ: