Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:
Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների պատմական բնույթն ու առանձնահատուկ նշանակությունը` հիմնված դարավոր բարեկամության և համագործակցության վրա:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարևոր գործոններից մեկը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով` չնայած ժամանակակից աշխարհի դժվարություններին և մարտահրավերներին` Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերը շարունակում են ավանդաբար ամուր մնալ: «Ռուսաստանը Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները: «Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու և այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:
«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով և առաջարկներով` կապված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ռուս գործընկերների հետ բազմաթիվ միջազգային հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, հաջողված համագործակցությանը: «Միջազգային հիմնարար խնդիրների շուրջ մեր երկրների դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են: Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերներից է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Եզրափակելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի, և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին: Նրա խոսքով` Ռուսաստանում ապրող մոտ 3 միլիոն հայերն իրենց ներդրումն են ունենում երկրի հասարակական կյանքում և տնտեսական առաջընթացի գործում: Յուրի Վորոբյովը հավելել է, որ մեծ է նաև Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 տոկոսով:
Նիստի մասնակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը հայկական և ռուսական համայնքների աջակցության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, օգտագործել ռեսուրսները մշակութային փոխգործակցության խթանման գործում: Կարևորվել են Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը կաջակցեն գիտության և կրթության միասնական թվային հարթակի ստեղծման նախաձեռնությանը, որը միտված է կադրային և տեխնոլոգիական ներուժի արագացված և երկարաժամկետ զարգացմանը:
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում: