Անցյալ տարի Բերդ համայնքի Չինչին գյուղում տուրիստական կենտրոնի հիմնումից հետո հերթական հյուրատունն է բացում դռները, վերջին մեկ տարում՝ չորրորդը: Ղևոնդյանները իրենց հին շինությունը վերակառուցել և տեղի բարբառով անվանել են Շենլիկ, ասել է՝ շեն, լիքը օջախ:
Գայանե Կլեկչյան (Բերդ համայնքի Չինչին գյուղի բնակիչ) - Առաջնային նպատակը Չինչինն ա, որ մեր գյուղի անունը բարձր պահենք, ամեն ինչ անում ենք, որ ինչքան հնարավոր է, Չինչինը լավ ներկայացնենք, մեր Չինչինը ուրիշ է, սրանք խոսքեր չեն, իրականում էդպես է:
Այստեղ բնակավայրի հանդեպ սերը զգալի է ամենուր՝ գյուղի պատմությունը ներկայացնող լուսանկարներից, տեղական ուտեստներից, ձեռքի շնորհքից մինչև պատերին բարբառով գրությունները:
Նախկինում զբոսաշրջիկների համար անհայտ այս փոքր գյուղը մեծ սպասելիքներով ճանապարհ է հարթում դեպի իր համար նոր ոլորտ:
Կարեն Դարբինյան (Բերդ համայնքի Չինչին գյուղի տուրիստական կենտրոնի ղեկավար) - Բավական առաջընթաց ենք նկատում էս մի տարվա մեջ թե՛ բնակչության կողմից, իրենց միջոցներով կառուցում են հյուրատներ, թե՛ դրսից մեր հյուրերը արդեն ուշադրություն են դարձնում, գալիս հանգստանում են մեր հյուրատներում և շրջում մեր տեսարժան վայրերում:
Երևանից Սմբատ Խալաթյանը առաջին անգամ է Չինչինում, բացահայտում է այս բնաշխարհի հմայքները:
Գյուղը պատրաստվում է զբոսաշրջային իր առաջին աշխույժ սեզոնին և ոչ միայն հյուրատները:
Կարեն Դարբինյան - Լինելու է համագործակցություն անհատների և տուրիստական կենտրոնի հետ, որովհետև բավականին մեծ հոսք է սպասվում, որպեսզի կարողանանք բարձր մակարդակով կազմակերպել մեր տուրիստական ծրագրերը: Գյուղացին կարողանում է իր բերքը, բարիքը վաճառել, էստեղ չի գործում մենակ մի հոգու բիզնես, ամբողջ գյուղի մասշտաբով զարգացնենք բոլոր կողմերով:
Ասում է՝ Չինչինը մի մեծ շենլիկ դարձնելու բեկումնային ժամանակ է: