Ուկրաինական զորքերին հանձնարարվել է հետ գրավել երկրի հարավը, և այս ու այլ հրամանատարական առաջադրանքներ կատարելու համար իրենց տրամադրության տակ ունեն մոտ մեկ միլիոն մարտիկ: Այդ մասին կիրակի երեկոյան The Times թերթում հրապարակված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի թիվը հասնում է «մոտ 700 հազար մարդու», ընդհանուր առմամբ, Կիևը կարող է մոտ 1 միլիոն մարդ ներգրավել՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի, ոստիկանության և սահմանապահների հետ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նա մեկ անգամ ևս այն կարծիքն է հայտնել, որ Արևմուտքը պետք է ավելացնի զենքի մատակարարումները Կիևին, քանի որ միայն այդ դեպքում Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան կատարել իրենց առջև ծառացած խնդիրները: Ռեզնիկովը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների երկու բրիգադ այժմ վերապատրաստվում է Մեծ Բրիտանիայում։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսեյ Դանիլովն էլ հայտարարել է, որ Կիևին մատակարարվող արևմտյան զենքն արդեն փոխում է հակամարտության ընթացքը։
Ըստ BBC-ի՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի հսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում ռազմական պահեստներ են պայթել։ Ուշագրավ է այն փաստը, որ այդ զինանոցները տեղակայված են ռուսական զորքերի թիկունքում, և մինչև վերջերս անհասանելի էին Ուկրաինայի զինված ուժերի համար: