Հայաստանում ավտոմեքենաների վաճառքն այս տարի զգալի աճ է արձանագրել՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ավելանալով 67.6 տոկոսով: Աճ հիմնականում արձանագրվել է երկրորդային շուկայում:
Գևորգ Ավետիսյան (մեքենաներ ներմուծող ընկերության ներկայացուցիչ) - էս պահի դրությամբ վաճառքը բարձր է, մեկ-երկու շաբաթում վաճառվում են:
2018 թվականից մեքենաների առքուվաճառքով զբաղվող Գևորգ Ավետիսյանն ասում է՝ հիմնական գնորդները Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներն են և ռուս վերավաճառողները:
Գևորգ Ավետիսյան - Հայաստանից գնում են, արտահանում են Ռուսաստան և վաճառում են ընդեղ:
Հայաստանից մեքենաներ գնող և Ռուսաստանում վաճառող Ալեքսանդր Դորոշինն ասում է՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների պատճառով գրեթե անհնար է դարձել մեքենա ներկրել Ռուսաստան, և մեծ դեֆիցիտ է առաջացել:
Ալեքսանդր Դորոշին (անհատ ձեռներեց) - Ես օգնում եմ իմ համերկրացիներին այստեղից մեքենա ձեռք բերել: Նկարում եմ վաճառվող մեքենաները, ուղարկում, և եթե հավանում են՝ գնում եմ և տեղափոխում Ռուսաստան: Այս պահին մեքենաների առքուվաճառքի շուկան Ռուսաստանում, կարելի է ասել՝ զրոյական վիճակում է: Իմ հայրենակիցները մեքենա ստիպված են գնել այլ երկրներից, որոնք պատժամիջոցների տակ չեն, և Հայաստանը այդ տեսանկյունից ամենահարմար երկրներից մեկն է:
Մեքենաների գնային տարբերությունը հայաստանյան և ռուսաստանյան շուկաներում շատ մեծ է, 100 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլու կարող է հասնել՝ ասում է Գևորգ Ավետիսյանը: ԵԱՏՄ շրջանակներում պարզեցվել են նաև փաստաթղթային ձևակերպումները:
Գևորգ Ավետիսյան - Մարդիկ ստից մեքենաներն առնում են նոտարական առքուվաճառքի պայմանագրով, էթում են Ռուսաստան, անցնում են ՍԳՊՏՍ, ստանում են լրիվ դոկումենտացիան, որ մեքենան մաքուր ա, և ստանում են ռուսական ուչոտ:
Որ վերջին շրջանում մեքենաների գները բարձրացել են, Ավետիսյանը չի հերքում:
Գևորգ Ավետիսյան - Պահանջարկը շատ ա, գնորդները շատ են, կոնկրետ մոդելներ կա, որ հենց գներն աճել են և աճել են էն մեքենաների գները, որոնք էս պահի դրությամբ չենք կարում ներմուծենք, այսինքն՝ 7 տարեկանից մեծ մեքենաները:
Մեքենաների գներն աճել են հենց արտասահմանում, ինչն էլ հանգեցրել է ներքին շուկայի գների աճին: Ազդող գործոն է նաև դոլարի անկումը:
Գևորգ Ավետիսյան - Էս պահին Ռուսաստանից դոլար փոխանցելը շատ դժվար ա, դոլար չկա կամ էլ կա քիչ քանակությամբ ու չեն տալիս: Երկրորդ դժվարությունն էն ա՝ դոլարը դառնում ա նորից դրամ, կուրսի մեջ են շատ կորցնում:
Եթե երկրորդային շուկայում մեքենաների վաճառքի բում է, նույնը չի կարելի ասել ավտոսրահների մասին: Պատճառը նոր մեքենաների ներկրման հետ կապված դժվարություներն են՝ ասում է Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահը:
Արտյոմ Պետրոսյան (Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ) - Մեքենա պատվիրելու դեպքում նույնիսկ հնարավոր ա սպասվի 4, 5, 6 ամիս, նույնիսկ ավելի շատ:
Համաշխարհային ավտոարտադրության ոլորտում ճգնաժամային ժամանակաշրջան է, և գործընթացները բավականին բարդացել են՝ նշում է Արտյոմ Պետրոսյանը: Մաքսազերծման հեշտության և գնային լավ առաջարկի պատճառով Հայաստանի ավտոսրահները նախկինում մեքենա ներկրում էին հիմնականում Ռուսաստանից:
Արտյոմ Պետրոսյան - Քովիդից սկսած, երբ գործարանները կանգնեցին, հետո վերականգնվեց, բայց վրա հասավ ուկրաինական պատերազմը, խզվեցին լոգիստիկ կապերը:
Այս տարվա հունվարից ապրիլ ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 43 մլրդ 620 մլն դրամ: Այս ցուցանիշի վրա ազդել է վաճառվող մեքենաների ոչ միայն քանակը, նաև բարձր գինը՝ ասում է Պետրոսյանը:
Արտյոմ Պետրոսյան - Եթե համաշխարհային շուկան նայենք, նոր մեքենաները թանկացել են 15-20 տոկոսով: Կախված բրենդից՝ օգտագործված մեքնենաները նույն Հյուսիսային Ամերիկայում, որտեղից հիմնականում ներկրում ենք, 30-50 տոկոս են թանկացել:
Շուկայում առկա տուրբուլենտ վիճակը դեռ կպահպանվի, գներն էլ կշարունակեն աճել՝ կանխատեսում է Արտյոմ Պետրոսյանը, նկատում՝ վերջին շրջանում, արտոնություններով պայմանավորված, էլեկտրական մեքենաների ներկրման զգալի աճ ևս արձանագրվել է:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան