Մշակվում է հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների քառամյա նախագիծ: 2019-22 թվականների ծրագիրն ամփոփման փուլում է: Արդարադատության փոխնախարարն ընդգծում է՝ նախորդ աշխատանքը գնահատելով՝ հնարավոր կլինի 23-26 թվականների ռազմավարության համար ընտրել ճիշտ թիրախներ:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Կարծում եմ՝ նախորդ ռազմավարությունը հաջողություններ է արձանագրել, ինչը կարող ենք տեսնել ստեղծված նոր մարմիններով, որոնք արդյունավետությունը շուտով ավելի ակնառու կդարձնեն, կցուցադրեն հասարակությանը: Խոսքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին է, հակակոռուպցիոն կոմիտե, դատարանները կունենանք, դատախազությունում համապատասխան վարչություն, ապօրինի գույքի:
Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներն Արդարադատության ակադեմիայում սովորելուց հետո ավարտում են պրակտիկան, շուտով կլինեն նշանակումներ: Թումանյանցի խոսքով՝ նախորդ ռազմավարության լիարժեք իրագործմանը խանգարեցին քովիդն ու պատերազմը: Հուսով են՝ նոր ռազմավարության միջոցով կլրացնեն բացը:
Հակակոռուպցիոն թեմայով քննարկումը նախաձեռնել է արդարադատության նախարարությունը՝ միջազգային գործընկերների հետ:
Ջոն Ալելո (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն) - Կոռուպցիան վերացնել հնարավոր է հասարակության մասնակցությամբ: Անընդհատ պետք է ընդգծել՝ կարևոր է իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ հատկապես հակակոռուպցիոն բարեփոխումների հաջողությունների վերաբերյալ: Որքան մարդիկ լավատեղյակ լինեն այս ջանքերին, այնքան ավելի հաջող կլինի կոռուպցիայի դեմ պայքարը:
2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության անկյունաքարային ուղղություններից և միջոցառումներից էր գլխավոր դատախազության կազմում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ստեղծումը: 2020-ի սեպտեմբերից մինչ օրս վարչությունն ուսումնասիրել է 340 անձի պատկանող գույք:
Սրբուհի Գալյան (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) - Ներկա պահի դրությամբ հայցադիմումներ ունենք ներկայացված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ հայցադիմումների քանակը 12-ն է: Իհարկե, ունենք նաև բազմաթիվ գործեր, որոնց շրջանակում արգելանք է դրվել անձանց գույքերի նկատմամբ: Այդ գործերի թիվը շուրջ 25-ն է: Մյուս բոլոր գործերով ուսումնասիրությունները շարունակվում են:
Տեղական ու միջազգային գնահատականով՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելումը ճիշտ ուղու վրա է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը նշում է՝ նախորդ ռազմավարությունը մասնագիտացված մարմինների ձևավորման բազային հարթակ և հնարավորություն էր, նորը կամրագրի հակակոռուպցիոն միջոցառումների կատարումը:
Հայկուհի Հարությունյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Հանձնաժողովը իր 2 տարվա գործունեության արդյունքով առաջարկում է այլ մոտեցում, որը ներկայացնում է առանց վախենալու, որ, այո՛, կան հատվածեր, որտեղ կառավարումը գուցե նպաստում է, որ կոռուպցիան ոչ միայն կաշառքի տեսքով, այլև որոշումների կայացման մեջ, վարքագծերը հնարավորություն ունենան դրսևորվելու, և համակարգային տեսանկյունից դա է թիրախը, որ որդեգրելու ենք կանխարգելիչ մանդատի իրականացում:
Հարությունյանը կարևորում է բարեվարքության ստուգումը, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնումը, համակարգի թվայնացումը: Դրանք, ըստ նրա, այն երաշխիքն են ու քայլերը, որոնց միջոցով կոռուպցիայի կանխարգելումն ավելի արդյունավետ կդառնա: