ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Առաջիկայում սպասվող ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպմանն ընդառաջ՝ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Սև ծովում նավարկության անվտանգության և հացահատիկի արտահանման խնդիրները: Կողմերն անդրադարձել են նան տնտեսական համագործակցության, այդ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման, առևտրի ծավալների ավելացման հարցերին: Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են նաև ռուսական էներգակիրների անխափան մատակարարումների շարունակմանն ուղղված քայլերի մանրամասներին. սերտ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔՈՎ» ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Գերմանիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական գազի մատակարարումների հետագա պակասը չհանգեցնի հասարակության պառակտման, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը:
«Եթե մենք ունենանք ավելի քիչ էներգիա, ավելի քիչ ջերմամատակարարում, ապա մենք կհետևենք, որ դրանք արդարացիորեն բաշխվեն»,- ասել է Բերբոքը:
Միևնույն ժամանակ, նա վճռականորեն մերժել է գերմանական երեք ատոմակայանները դեռևս չանջատելու պահանջները։
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էլ երեկ հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը: Բրունո Լը Մերը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել նման սցենարի:
Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով»։ Գազատարը Ռուսաստանից Եվրոպա վառելիքի արտահանման հիմնական ուղին է։
Հուլիսի 11-21-ը մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված տարեկան տեխնիկական սպասարկումով։ Եվրոպայում, սակայն, վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդմիշտ կփակի դեպի Եվրոպա գազի փականը։
ՏԱՐՀԱՆՎԵԼՈՒ ԿՈՉ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐԱՎԻ ԵՎ ԴՈՆԲԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ուկրաինայի փոխվարչապետը ռուսական վերահսկողության տակ անցած Ուկրաինայի հարավային շրջանների և Դոնբասում գտնվող քաղաքացիներին կոչ է արել շտապ տարհանվել: Իրինա Վերեշչուկի խոսքով՝ մարդիկ ռազմական հարձակումների ժամանակ պետք է չլինեն կենդանի վահան զինված ուժերի և հակառակորդի միջև: Նա ընդգծել է, որ ուկրաինական բանակը նախատեսում է հակահարձակում սկսել, և որ թեժ մարտեր են սպասվում, բայց հստակ ժամկետներ Վերեշչուկը խուսափել է նշել, միայն ընդգծել է՝ անհրաժեշտ է շտապ լքել այդ տարածքները:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին երկրի զինված ուժերին հրամայել է վերահսկողություն սահմանել երկրի հարավի նկատմամբ: Այս մասին Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ նշելով, որ այդ և այլ առաջադրանքների համար Ուկրաինան ունի շուրջ 1 միլիոն մարտիկ։
Ռեզնիկովը նշել է, որ քաղաքական առումով դա խիստ անհրաժեշտ է երկրի համար։ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Կիևին իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ է արևմտյան սպառազինություն և ռազմական օգնություն:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՉԿԱ. ՍԵՐԳԵՅ ՄԱՐՉԵՆԿՈ
ԵՄ երկրների միջև կոնսենսուս չկա Ուկրաինային 9 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի վերաբերյալ, Եվրոպայում հակամարտության պատճառով հոգնածություն կա, ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության ղեկավար Սերգեյ Մարչենկոն։
«Իհարկե, մենք ստանում ենք զենք և ռազմական օգնություն, բայց դա բավարար չէ: Մենք հասկանում ենք, որ Եվրամիությունը և աշխարհը մի փոքր հոգնած են»,- ասել է Մարչենկոն իտալական թերթից մեկին տված հարցազրույցում։
Երեկ լրատվամիջոցները, վկայակոչելով Կիևի և Բրյուսելի աղբյուրներին, գրել էին, որ Գերմանիան խոչընդոտում է Ուկրաինային 9 մլրդ եվրոյի օգնության փաթեթի հատկացումը՝ ընդդիմանալով այն ընդհանուր եվրոպական պարտքից ֆինանսավորելուն։
Մարչենկոն նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 5 մլրդ եվրո օգնություն, հուլիսին դեռ 4-ից ավելի է ակնկալում, սակայն այս գործընթացը, նախարարի բնորոշմամբ, «կախված է եվրոպական բյուրոկրատիայից»։