ԼԻՏՎԱՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Լիտվան որոշել է ընդլայնել իր տարածքով Կալինինգրադի մարզ տարանցման համար արգելված ապրանքների ցանկը: Խոսքն այնպիսի ապրանքների մասին է, ինչպիսիք են բետոնը, փայտը, ալկոհոլը և ալկոհոլի վրա հիմնված արդյունաբերական քիմիական նյութերը: Այժմ արգելվում է դրանք տարանցիկ փոխադրել Լիտվայով։
Մինչդեռ ավելի վաղ Եվրահանձնաժողովը վստահեցրել էր, որ Կալինինգրադ բեռների տարանցման հարցը շուտով կլուծվի։ Այդ մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք շարունակում ենք երկխոսությունը Եվրահանձնաժողովի և Լիտվայի հետ։ Մեզ վստահեցնում են, որ հարցը պետք է լուծվի մոտ ապագայում: Մոսկվան հույս ունի, որ Եվրահանձնաժողովը և Լիտվան կընդունեն «միակ ճիշտ որոշումը», որը կապահովի բեռների անխոչընդոտ տարանցումը Կալինինգրադի մարզ»,- ասել է Զախարովան։
ՏԱՐԱՆՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Լիտվայի կողմից Կալինինգրադի մարզ տարանցման սահմանափակումների թեման քննարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են նման իրավիճակում համատեղ քայլերի հնարավորությունը: Առաջնորդները քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը, իրավիճակը հետխորհրդային տարածքում, Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումը։ Անդրադարձել են բելառուսական նավահանգստի կառուցման և Բելառուսի ու Ռուսաստանի պաշտպանության հարցերին։
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔՈՎ» ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Գերմանիան կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռուսական գազի մատակարարումների հետագա պակասը չհանգեցնի հասարակության պառակտման` հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը: «Եթե մենք ունենանք ավելի քիչ էներգիա, ավելի քիչ ջերմամատակարարում, ապա կհետևենք, որ դրանք արդարացիորեն բաշխվեն»,- ասել է Բերբոքը: Միևնույն ժամանակ, նա վճռականորեն մերժել է գերմանական երեք ատոմակայանները դեռևս չանջատելու պահանջները։
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էլ երեկ հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը: Բրունո Լը Մերը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել նման սցենարի:
Ռուսաստանը 10 օրով դադարեցրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումը արտահանման հիմնական երթուղով՝ «Հյուսիսային հոսքով»։ Գազատարը Ռուսաստանից Եվրոպա վառելիքի արտահանման հիմնական ուղին է։ Հուլիսի 11-21-ը մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված տարեկան տեխնիկական սպասարկմամբ։ Եվրոպայում, սակայն, վախենում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդմիշտ կփակի դեպի Եվրոպա գազի փականը։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱՌԱՋԱՏԱՐ
Ճապոնիայի Սահմանադրության փոփոխության կողմնակից կուսակցությունները երեկ կայացած ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն են ստացել խորհրդարանի վերին պալատում։ Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Կոմեյտո» կուսակցությունը, ինչպես նաև «Ճապոնիայի նորացման միությունը», նախնական տվյալներով, կզբաղեցնեն մանդատների երկու երրորդը՝ խորհրդարանի վերին պալատի 246 մանդատներից 166-ը։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը գլխավորում էր օրեր առաջ սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեն: Փոփոխությունների կողմնակիցները պահանջում են վերանայել Սահմանադրության 9-րդ կամ այսպես կոչված խաղաղության հոդվածը. այն հռչակում է պետության հրաժարվելը սեփական բանակ ստեղծելուց և պատերազմներին մասնակցելուց։
Ընտրությունների արդյունքով Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան կպաշտոնավարի ևս 3 տարի: Կիսիդան այսօր հայտարարել է, որ առաջ է տանելու Սահմանադրությունը փոփոխելու ծրագրերը, իրականացնելու է երկրի համար հավակնոտ ծրագրեր, ավելացնելու է Ճապոնիայի պաշտպանական ծախսերը: Վարչապետը ճապոնացիներին խոստացել է Սինձո Աբեի ցանկությունների ու նպատակների արժանի ժառանգորդը լինել: